Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք սպասում են բեմին

Դեկտեմբեր 15,2022 13:00

Ռուս թատերական գործիչ, ռեժիսոր Սերգեյ Օբրազցովը 1938 թվականին արվեստում տեսականորեն առանձնացնելով տիկնիկները, դրանց անվանել է դերասան-տիկնիկներ, որոնք սերտորեն առնչվում են դերասանական արվեստի հետ եւ կառավարվում-շարժվում են մարդկային դերակատարների, այս դեպքում` դերասանների կողմից։ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասան-տիկնիկներն ունեին իրենց ճակատագիրը. նրանք բեմ բարձրացան եւ մնացին Շուշիում` իրենց վառ կերպարային գունապնակում ու աչքերում պահելով հարյուրավոր մանուկների ժպիտներ։ Այսօր արդեն նոր դերասան-տիկնիկներն են Շուշիի թատրոնի դերասանների ձեռքերում, կրկին հեքիաթ պարգեւելու ճանապարհին։ Բայց այս դեպքում հեքիաթն էլ երազանք ունի` մի օր Շուշիի բեմից հաղորդակից լինել փոքրիկ հանդիսատեսին։

Շուշիի պետական թատրոնը, կարելի է ասել, երեւույթ է` իրեն բնորոշ արտահայտչաձեւերով, խաղային առանձնահատկություններով, բեմադրական սկզբունքներով, տիկնիկային արվեստին անհունորեն նվիրված ստեղծագործական կազմով։ Այս ամենն օգնում են արդեն իսկ ձեւավորված թատերական ավանդույթներն ավելի զարգացնել ու պահպանել։


Այս օրերին արդեն շրջիկ թատրոնի կարգավիճակում նոր բեմադրության աշխատանքներն են ընթանում։ Յուրի Սահակյանի թարգմանությամբ ռուս մանկագիր, թատերագիր Վլադիմիր Օռլովի «Ոսկե աքաղաղը» պիեսը Շուշիի թատրոնում վերանվանվեց «Ոսկե ճուտիկը»։ Այն բեմադրում է Արցախի ժողովրդավարական արտիստ Լեոնիդ Հարությունյանը։ Նկարչական ձեւավորողը Դավիթ Ավագիմյանն է, երաժշտական ձեւավորողը` Վահագն Եսայանը, տիկնիկագործը` Հասմիկ Գասպարյանը։ Ներկայացման մեջ զբաղված տիկնիկավար-դերասաններն են Աշխեն Հարությունյանը, Արմեն Գաբրիելյանն ու Սվետա Առստամյանը։ Բեմական փորձերն անցնում են Գյումրու Հայորդյաց տանը։

Շուշիի պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա պատերազմից հետո բեմադրվող առաջին ներկայացումն է։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գիտեինք, որ շատ դժվար է լինելու։ Փառք Աստծո, դեռ ուժ ու եռանդ ունենք, իսկ գնահատանքի խոսքերն ու խրախուսական թղթի կտորները վաղուց արդեն ազդեցություն չունեն։ Սա մի ուրիշ հարթություն է։ Շուշիի թատրոնը չենք հանձնում»,-նշում է Աշխեն Հարությունյանը։


«Ոսկե ճուտիկը» ներկայացման առաջնախաղը կկայանա Երեւանում` Հադրութից տեղահանված երեխաների համար։ Նոր ներկայացման բեմական իրականացմանը մեծապես աջակցում է «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը` Շանթ Չարշաֆճեանի գլխավորությամբ։
Հունվարին նախատեսված են հյուրախաղեր Արցախի տարբեր բնակավայրերում, որին մեծապես կաջակցեն դարձյալ «Լորիկ» մարդասիրական հիմնադրամն ու Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031