Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչն իր տրամադրության տակ չի ունեցել ֆիզիկական անձի հաղորդումը

Դեկտեմբեր 15,2022 14:30
veraqnnich

Ստորեւ ներկայացվող գործով պաշտպանները փաստել էին, որ հետաքննության մարմնի կողմից հաղորդում եւ կից նյութերը նախաքննության մարմնին ուղարկվել է առանց որեւէ որոշում կայացնելու եւ քրեադատավարական նորմերի էական խախտմամբ, ինչպես նաեւ՝ դրանք ուղարկվել են 30.08.2021թ., այսինքն՝ քրեական գործ հարուցելու առիթը՝ ֆիզիկական անձի հաղորդումը քրեական գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմնի նյութերում չի գտնվել, ինչը, համաձայնեք, արտառոց է:

Մխիթար Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, 2021 թվականի օգոստոսի 28-ին ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, հարմարեցված առարկայով բացելով Երեւանի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել տուժող Ռ. Զ.-ի բնակարան եւ կատարել գաղտնի հափշտակություն: Նա հափշտակել էր ընդհանուր 2.739.400 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի կանացի ձեռքի ժամացույցներ, մեկ հատ 80.000 ՀՀ դրամ արժողությամբ օպտիկական ակնոց, 36.000 ՀՀ դրամ արժողությամբ հայկական նարդի, «Արարատ» ապրանքանիշի երկու կոնյակ, մոտ 2.000.000 ՀՀ դրամին համարժեք տարբեր տեսակի ոսկյա, արծաթյա կանացի զարդեր՝ տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 6.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դռնբաց դատական անդրանիկ քննությունը դատավոր Դ. Բալայանը նշանակել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքում: 2021 թվականի դեկտեմբերի 8-ին պաշտպաններ Արմեն Հայրապետյանը եւ Մանյա Մաթեւոսյանը միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ի դատարանի որոշմամբ` ամբաստանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը պահպանվել է։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է պաշտպաններ Ա. Հայրապետյանի եւ Մ. Մաթեւոսյանի վերաքննիչ բողոքը` նշված որոշման դեմ: Նշեմ, որ վերաքննիչ բողոքի վերաբերյալ նյութերը ստացվել են 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, մակագրվել է դատավոր Մ. Հարությունյանին, որի աշխատակազմին է հանձնվել դատական գործը դեկտեմբերի 20-ին: Պաշտպանները միջնորդել էին բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2021թ. որոշումը ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել եւ թույլատրելի ճանաչել նրա նկատմամբ գրավի կիրառումը 1.000.000 դրամի չափով եւ ազատ արձակել կալանքից: Ըստ պաշտպանական կողմի՝ «Քրեական գործով տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193- րդ հոդվածի եւ 193.1-րդ հոդվածի կոպիտ խախտում, քանի որ քրեական գործը հարուցվել է առանց վերադասի կողմից հանձնարարություն ունենալու եւ քննիչն իր տրամադրության տակ չի ունեցել ֆիզիկական անձի հաղորդումը, այն է՝ հանցագործության մասին տուժողի 28.08.2021թ. հաղորդումը»։ Բացի դրանից, պաշտպանները փաստել էին, մասնավորապես, որ քննիչը 2021թ. օգոստոսի 28-ին որեւէ իրավունք չի ունեցել դեպքի վայրի զննություն կատարելու եւ քրեական գործ հարուցելու մասին, քանի որ նրան այդպիսի լիազորություն չի տրվել, քանի որ հետաքննության մարմինը՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետը առանց որեւէ որոշում կայացնելու հաղորդումը՝ կից նյութերով, բաղկացած 3 թերթից՝ 2021թ. օգոստոսի 30-ի թվագրմամբ ուղարկել է ՀՀ ՔԿ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այսինքն, ֆիզիկական անձի հաղորդումը նախաքննության մարմնին ստացվել է 2021թ. օգոստոսի 30-ին եւ այդ օրն է նախաքննությունը հանձնարարվել հետաքննիչին, հետեւաբար, վերջինս չի հանդիսացել 2021թ. օգոստոսի 28-ի քրեական գործ հարուցելու սուբյեկտ։

Հետաքննության մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշում չկայացնելով՝ հաղորդումը ուղարկել է քննչական բաժին։ Պաշտպանները դատարանին ներկայացրել էին հիմնավորումներ, հայտնել, որ հետաքննության մարմինը՝ ոստիկանության Կենտրոնականի բաժինն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է ենթադրյալ հանցագործության դեպք՝ հաղորդում հանցագործության մասին, որպիսի պարագայում պարտավոր էր կամ որոշում կայացներ քրեական գործ հարուցելու մասին, կամ որոշում կայացներ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին, ինչը օրենքի պարտադիր պահանջ է, մինչդեռ իր դատավարական պարտականությունը կատարելու փոխարեն նախապատրաստված նյութերն ուղարկել է քննչական վարչություն՝ դուրս գալով իր իրավասության սահմաններից, չկայացնելով վերը նկարագրված որոշումներից մեկը՝ քրեական գործ հարուցելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին, սովորաբար ինչ կատարվում է պրակտիկայում, տուժողի հաղորդումը հետաքննության մարմինն օրենքի խախտմամբ առանց որեւէ որոշում կայացնելու հանձնել է նախաքննության մարմնին: Մխիթար Միքայելյանի առնչությունը մեղսագրվող արարքում բացակայել է, իսկ մեղադրական եզրակացությունում նախաքննության մարմինը վկայակոչել է հակասական տեղեկություններ եւ շահագրգիռ անձանց ցուցմունքներ։ Քրեական գործով հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորումներում, մեր գնահատմամբ, դատարանը պետք է հաշվի առներ, ինչպես ապացույցների բացակայությունը, այնպես էլ քրեադատավարական նորմերի էական խախտումները, մասնավորապես՝ քրեական գործը հարուցվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից։

Ուշադրության արժանին այս գործով վկաներից մեկն է. ոստիկանության օպերլիազորը, ում ցուցմունքը նշված էր մեղադրական եզրակացությունում, սակայն քննիչը նրան չի դատակոչել, այն դեպքում, երբ քննիչը օպերին է տրամադրել տեսագրություն, հարցնելով, թե տեսագրությունում պատկերված անձը արդյոք հանդիսանո՞ւմ է ամբաստանյալ Միքայելյանը։ Ոստիկանը շահագրգիռ անձ է եւ նա որպես հետաքննության մարմնի ներկայացուցիչ հանդիսանում է դատավարության կողմ:

Նախորդ օրը արդարացման դատավճիռ է կայացրել դատավոր Դ. Բալայանը: Դատավճռում առկա իրավական գնահատականներին մանրամասն կանդրադառնանք՝ դատական ակտը փաստացի մեր տրամադրության տակ ունենալուց հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031