Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»

Դեկտեմբեր 15,2022 12:30

«…եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին խոսելն անհեթեթություն է». 1918թ. ասել է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը: Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն հայերիս, այլ քաղաքակրթության ու մարդկության համար: Մեր անվտանգության երաշխավորն էլ, անշուշտ, մեր բանակն է, մեր խիզախ զինվորներն են, հայի տաղանդն ու անկոտրում կամքն է, սակայն մենք փոքր երկիր ու փոքրաթիվ ժողովուրդ ենք եւ չենք կարող միայնակ պայքարել թուրքական հրեշի դեմ: Եվ պատահական չէ, որ հայ-թուրքական սահմանը ռուս զինվորներն են պաշտպանում, իսկ Արցախի անվտանգության փաստացի միակ երաշխավորն էլ ռուսական խաղաղապահներն են:

Այս պարագայում Հայաստանի անվտանգության երաշխիքը մեծապես Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ ռազմավարական՝ աշխարհաքաղաքական, անվտանգային ու տնտեսական շահերը կարող են լինել, հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր, մշակութային, պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը կարող են լինել: Երաշխիքը Ռուսաստանի ռազմական հզորությունը, միջուկային գերտերություն լինելը, Կովկասում Ռուսաստանի ունեցած անկեղծ ու աներկբա շահերը կարող են լինել: Իսկ թուրանական պետության ստեղծումը լուրջ սպառնալիք է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի եւ Չինաստանի անվտանգության համար: Ամենայն հայոց բանաստեղծ, մեծ հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանը արժեւորելով ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը եւ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում՝ ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նշել է, որ՝ «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։ Ինչպես Հովհաննես Թումանյանը, հայ հանճարներից Ավետիք Իսահակյանը եւս կարծում էր, որ հայ ժողովրդի գոյությունը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ։ «Ռուսների հովանու ներքո մենք մեկ ամբողջություն ենք` զարգանալու եւ ամրանալու… Ես իմ արյունը թափելու եմ Ռուսաստանի դրոշի ներքո եւ իմ հայրենիքը փրկելու եմ կրակից, կոտորածից եւ սովից: Սա է հայ ժողովրդին ռուսների օգնության պատճառը, դրա հետեւողականության պատճառը։ Ահա թե ինչու են իմ համակրանքն ու հույսերը կապվում Ռուսաստանի հետ»։

Իսկ Ռուսաստանի հետ փոխադարձ շահեր չունենալու այլընտրանքը՝ Հայաստանի ու Արցախի հայաթափումը, թրքահպատակությունը կարող են լինել, այլընտրանքը՝ նոր ցեղասպանությունը, հայի բնաջնջումը կարող է լինել: Ամենեւին ոչ պատահականորեն մեր նախնիները իրենց փրկությունը դեռեւս 200 տարի առաջ կապեցին հենց Ռուսաստանի հետ: Չգիտե՞նք մենք արդյոք, որ նախ եւ առաջ ռուս զինվորի արյունով է ձեռք բերվել հայկական պետականությունը: Եթե չլինեին Գյուլստանի ու Թուքմենչայի պայմանագրերը, չէինք ունենա ազատ, անկախ հայրենիք ու հայկական պետականություն, այն էլ մեկի փոխարեն՝ երկուսը: Եվ հենց 19-րդ դարը նշանավորվեց Հայաստանի պատմության կարեւոր իրադարձությամբ՝ Արեւելյան Հայաստանի ազատագրմամբ պարսկական դարավոր լծից։ Հատկանշական է նաեւ այն, որ հայերը շատ երկրներում են գաղութներ ունեցել, սակայն պետականություն են վերականգնել միմիայն Ռուսաստանի տարածքում: Ավելին՝ 2020թ. արցախյան պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք մնացել ենք միայնակ եւ առանց Ռուսաստանի աջակցության ցանկացած պահի կարող ենք նորից ենթարկվել ցեղասպանության ու հայրենիք կորցնել:

Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչն է այս իշխանություններին ու որոշ քաղաքական-հասարակական շրջանակներին ստիպում Հայաստանում մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ հակառուսական արշավ ծավալել: Հայի հայրենիքը, ինքնությունն ու տեսակը պահպանելու եւ ապագայի նկատմամբ հուսալի երաշխիքներ ունենալու համար, կարծում եմ, պետք է Ռուսաստանի հետ հաստատել նոր, ավելի սերտ հարաբերություններ եւ կնքել նոր՝ ավելի բարձր ինտեգրացիոն կարգավիճակ նախատեսող պայմանագիր, առանց վնասելու Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը: Զավեշտն այն է, որ մենք մեր ձեռքով հանձնում ենք Արցախն ու Հայաստանը թշնամուն, գիշատիչի պես արժեզրկում ու քանդում ենք մեր պետականության հիմքերը, խարխլում անվտանգային համակարգը, ապականում ենք հայի բարոյական կերպարն ու խեղաթյուրում արժեքային համակարգը, եւ հետո մեղադրում ենք բոլորին, բացի մեզանից՝ ՀԱՊԿ-ին, ռուսին, Արեւմուտքին, որ մեզ չեն պաշտպանում, որ մեզ հետ հաշվի չեն նստում:

«Հայի նմանը չկա, որ սպասի, թե օտարը պետք է գա ու իրեն փրկի»,- ասել է Լորենս Արաբացին: Իմաստությունն այն աստիճան է լքել մեզ եւ անգիտությունը մթագնել մեր գիտակցությունը, որ խեղաթյուրվել են մեր ընկալումները երկրում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ավերիչ չարությունն ու ատելությունն այնպես են կուրացրել մեր հոգիները, որ մեզանից վանում ենք մեր բարեկամներին, հայամետ գործիչներին: Իսկ հայ ժողովրդի բարեկամներին ու ճանաչված զավակներին էլ, ովքեր մեծ վստահություն ունեն Ռուսաստանում ու նրա իշխանական շրջանակներում, ցավում եւ պայքարում են Հայաստանի համար, անցանկալի անձ ենք համարում, փոխանակ նրանցով հպարտանալու եւ նրանց հեղինակությունն ու կապերը ի նպաստ Հայաստանի օգտագործելու: Եթե դեռ նվաստացումն ու ստրկությունը չեն կարողացել վիրավորել մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը, եթե հայրենիքի ու մի ողջ երիտասարդ սերնդի, ինքնիշխանության ու միջազգային հեղինակության կորուստը դեռ չեն սթափեցրել մեզ, եթե դեռ չենք ամաչում մեր անձնական ու ազգային սրբությունները ոտնատակ տալու եւ այսքան դավաճաններ ունենալու համար, ուրեմն մենք դատապարտված ենք կործանման:

Փիլիսոփայության մտքի պատմությանն էլ դեռեւս հայտնի չէ մարդկային այն տեսակի բնորոշումը, որոնք չեն սովորում, դասեր չեն քաղում ոչ իրենց սխալներից եւ ոչ էլ՝ ուրիշների, որոնք չեն տարբերում իրենց լավն ու վատը եւ կամովին գնում են ինքնաոչնչացման ճանապարհով: «Եվ ով կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքով է սրում թշնամու սուրը», միանգամայն իրավացիորեն ասել է Րաֆֆին: Այս երեւույթը ամենեւին էլ նորություն չէ, սակայն մեզ համար: 1921թ. Թումանյանը Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանին ուղղված նամակում մասնավորապես գրում է. «…մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։

Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը…»: Անհասկանալիորեն անկախություն ու ազատություն ենք ուզում, առանց դրա համար պայքարելու: Նժդեհն ասում էր, որ. «Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը: Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:

Մեզանից շատերն էլ միամտաբար կարծում են, թե այսօրվա Թուրքիան 100 տարվա առաջվանը չէ, թե քաղաքակրթության օրրան՝ Արեւմուտքը 21-րդ դարում թույլ չի տա նոր ցեղասպանություն աշխարհի որեւէ մասում, իսկ իրականում՝ ինչպես 100 տարի առաջ ոչ մի ազգ մտահոգված չէ հայի ճակատագրով: Թուրքիան ու նրա մտադրություններն էլ երբեւէ չեն փոխվելու, Թուրքիան ծրագրում է իսպառ ոչնչացնել Հայաստանը եւ մեր էթնոսին, իսկ Արեւմուտքի հետ ազգի փրկության հույսեր պետք չէ կապել, ինչի վառ ապացույցը՝ 1915 թ. նրանց գաղտնի հանցավոր համաձայնությունն է՝ Թուրքիայի հետ, 20-րդ դարի սկզբին Ազգերի լիգայում եւ Լոզանի կոնֆերանսում հայկական հարցի տապալումն է, 2020թ. եւ 2022թ. Արցախյան եւ սեպտեմբերյան պատերազմներում բացահայտ անտարբերությունն էր, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված զինված գործողություններին Թուրքիայի ու ահաբեկիչների մասնակցությամբ մի ամբողջ երիտասարդ սերունդ սպանդի ենթարկվեց, երբ արգելված ֆոսֆորային ռումբեր էին օգտագործվում Արցախում: Ներկայումս էլ Արեւմուտքի նպատակը մեծ հաշվով մրցակից պետությունները քայքայելն է, աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու եւ գերակա դիրք ունենալու միջոցով նրա ռեսուրսներին ու բարիքներին տիրանալն է:

Իսկ մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանը թուլացնելու նպատակով, Հայաստանը Ռուսաստանից պոկելն է եւ այդ նպատակի համար նա պատրաստ է զոհաբերել ինչպես Հայաստանին, Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային ու այլ շատ երկրների: Եվ պատահական չէ նաեւ, որ Թումանյանն առաջին Համաշխարհային պատերազմի ազդեցության տակ, Արեւմուտքից հիասթափված հակվում է դեպի Արեւելք՝ իր ժողովրդի եւ ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արեւելքում: Իսկ Հայերի մեծ բարեկամ Նանսենն էլ գրել է. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, նրա համար ավելի լավ կլիներ, որ նրա անունը ոչ մի եվրոպական դիպլոմատ երբեք արտասանած չլիներ: Իսկ Եվրոպայի արեւմտյան տերությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնչեցին … միայն խոսքեր: Առաջարկվեց հայերի համար սեփական երկիր ստեղծել Ռուսաստանի եւ Թուրքիայի սահմանային գոտում, սակայն արեւմտյան տերությունները ոչ մի ցանկություն չհայտնեցին աջակցել այդ նախագծին ո՛չ ռազմական ուժով, ո՛չ էլ տնտեսական միջոցներով»: Հայ ազգն էլ Ռուսաստանի եւ ԽՍՀՄ կազմում կարողացել է ոչ պակաս անաղարտ պահել ազգային արժեքները՝ իր լեզուն, իր հոգեւոր հարստությունները, մշակութային ավանդույթները, կրել է ավելի բարձր արժեքներ, ունեցել է ավելի բարձրաճաշակ մշակույթ, ավելի զարգացած տնտեսություն, գիտություն ու կրթություն, քան անկախության տարիներին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է ասել, որ Ռուսաստանը հայկական պետականության պահպանման համար ավելին է արել, քան մենք՝ հայերս, թարմ օրինակ՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացները Հայաստանի ու Արցախի շուրջ, երբ Հայաստանի իշխանությունները ձեռք են քաշել Արցախից եւ մեր լուռ համաձայնությամբ մաս-մաս Հայաստանն են հանձնում թուրքին:

Եվ այս իրավիճակում Ռուսաստանն ու Իրանն են փորձում պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը՝ պետականությունն ու տարածքային ամբողջականությունը: Պետք է արձանագրել, որ հայերն էլ իրենց հերթին մեծ ավանդ ունեն Ռուսաստանի տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման գուրծում, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերը անձնվիրաբար կռվել են թշնամու դեմ եւ բազմաթիվ սխրագործություններ գործել: Թուրքի հետ սիրախաղը նոր ցեղասպանության կանխազգացում է առաջացնում, իսկ խաղաղության դարաշրջանի մեկնարկն էլ ինքնախաբեություն է, ընդամենը միֆ է, այս իշխանությունների կողմից մարդկանց ժողովրդահաճո կարգախոսներով մոլորեցնելու ու պատերազմով վախեցնելով զիջումների գնալու եւ իշխանությունը պահելու միջոց է: Հայ-ռուսական հարաբերություններն էլ ճգնաժամ են ապրում նախեւառաջ մեր անհեռատեսության, անխոհեմության եւ ոչ ճկուն դիվանագիտության արդյունքում: Հայ-ռուսական հարաբերություններում եղել են նաեւ խնդիրներ, կնճռոտ հարցեր, անարդար վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Օրինակ, 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի իշխանությունները Լենինի ղեկավարությամբ բացահայտ վարում էին ոչ հայանպաստ քաղաքականություն, սակայն Լենինը ոչ մի կապ չուներ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի շահերի հետ, Լենինին գերմանացիները ներդրել էին Ռուսաստանում այդ երկիրը քայքայելու նպատակով: Իսկ աշխարհում չկա ուրիշ այլ երկիր, որ Հայաստանում ունենա անկեղծ ու իրական ազգային-պետական շահեր, քան Ռուսաստանն է, քան Իրանն է եւ պետք է այդ շահերը արդյունավետ ձեւով զուգակցենք հայկական շահերին: Դրա հետ միասին, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է բոլոր երկրների հետ ստեղծել փոխշահավետ եւ արժանապատիվ հարաբերություններ:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության
թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031