Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց դաշնակցի, առանց գործընկերների ու բարեկամների

Դեկտեմբեր 15,2022 12:00

Ունենալով Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը՝ ՀՀ իշխանություններին չհաջողվեց ԵՄ դիտորդական խմբի մանդատի երկարաձգման հարցով այլ երկրներից համաձայնություն ստանալ

Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ փակեց Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։ Փաստացի, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ: Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններում արցախահայության անվտանգության հարցը մշտապես հիշատակում են: Սակայն գործնականում, պարզվեց, որ Հայաստանն այս հարցում էլ բարեկամներ չունի:
Դեկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում, ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ «քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը»:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձավ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ «բնապահպանական ակտիվիստների» կողմից Շուշիի մոտակայքում վրաններ տեղադրելու փաստին, որի արդյունքում արգելափակվել էր բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում: ԱԳՆ-ն հիշեցրել էր, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ միջանցքը ստեղծվել էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապն ապահովելու նպատակով: «Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ եւ ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության եւ այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից: Այս գործողության հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային եւ հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ», ասվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ ՀՀ ԱԳՆ-ն հավելում էր. «Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝ ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրը հասցեագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:

ԱԳՆ-ն ընդգծում էր, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար: «Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը եւ այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»:

Գործընկերներից Եվրամիության արձագանքն, օրինակ, բավական ոչ համարժեք էր: «Եվրամիությունը Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը», – ի պատասխան Լաչինի միջանցքի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին: Մենք նաեւ ուշադիր հետեւում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետեւում ենք բաց աղբյուրներից հայկական եւ ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ»: ԵՄ-ի պաշտոնյան կրկնել էր գործողություններում զսպվածության եւ սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը, ապա նաեւ հույս հայտնել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսում պատասխանել էր լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությանը եւ ՌԴ նախագահ Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ:

Ըստ «Ամերիկայի ձայնի», Փրայսն ընդգծել էր, որ հետեւողականորեն կենտրոնացած են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության թուլացման անհրաժեշտության վրա, եւ որ ԱՄՆ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին: «Մենք հետեւողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկրները կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, եւ ամենակարեւորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել էր Նեդ Փրայսը:

Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում, ի դեպ, Բրյուսելից մեկ այլ ուշագրավ լուր ստացվեց… Պարզվեց, Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ: Այս մասին տեղեկացրեց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ նման որոշում է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում այսօր տեղի ունեցած նիստին։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին նա գերադասել է չխոսել: Նա միայն նշել է, թե՝ «եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։ «Այդուհանդերձ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի», նշել է Բորելը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն Հայաստանում` Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն տեղակայեց ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերյան հարձակումից մոտ մեկ ամիս անց Պրահայում կայացած՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: Դիտորդներից կազմված առաքելության մանդատը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային շրջաններում իրավիճակը դիտարկելն էր, նպաստելու երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը եւ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ ԵՄ-ն հատուկ շեշտել էր, որ առաքելությունը հետաքննություն չի իրականացնելու. «Այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին»:

Նկատենք, որ ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական խմբի մանդատի երկարաձգման անհրաժեշտության մասին միայն պաշտոնական Փարիզն էր խոսել։ Առաքելության ներկայությունը «պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաեւ հայերի ցանկությունն է», – անցած շաբաթ նշել էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան: Նա երկրի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը. «Ճիշտ է, լարվածությունը երկու երկրների միջեւ պահպանվում է՝ ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, եւ դա ցույց է տալիս անվտանգության երաշխիքների վստահելիության բացակայությունը, որոնք Ռուսաստանը հավակնում է բերել տարածաշրջան»: «Այդ համատեքստում, Ֆրանսիան եւ Եվրամիությունն ամբողջությամբ ներգրավված են մնում Հայաստանին սատարելու գործում, ինչպես եղել են ի սկզբանե», – հավաստիացրել էր Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում որոշվել է Հայաստան ուղարկել Եվրամիության դիտորդական խումբ, որը տեղակայվել եւ գործում է հոկտեմբերի 20-ից, Կատրին Կոլոննան հավելել էր. «Անշուշտ, որոշ միջադեպեր դեռ տեղ են գտնում, սակայն այդ առաքելությունն իրապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին, ինչպես անհրաժեշտ էր»: Առաքելության ներկայությունը «պետք է երկարաձգվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ սա է մեր համոզմունքը, սա նաեւ հայերի ցանկությունն է», ասել էր Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ունենալով Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը, փաստորեն, Հայաստանի իշխանություններին չհաջողվեց ԵՄ-ի դիտորդական խմբի մանդատի երկարաձգման հարցով եւս գործընկեր այլ պետություններից համաձայնություն ստանալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031