Լրահոս
Օրվա լրահոսը

Միֆ է, թե բիոպսիան ուռուցքը գրգռում է. հենց բիոպսիայի շնորհիվ է ճիշտ ախտորոշվում հիվանդությունը

Դեկտեմբեր 15,2022 15:00

Բժշկական հետազոտությամբ ուռուցք հայտնաբերելուց հետո բժիշկները հաճախ բիոպսիա՝ ձեւաբանական հետազոտություն են նշանակում, որպեսզի պարզեն, ժողովրդական լեզվով ասած՝ ուռուցքի որակը։ Հիվանդներն էլ հաճախ վախենում են կամ խուսափում բիոպսիայից՝ տրվելով կարծրատիպերին, թե բիոպսիան ուռուցքն է՛լ ավելի կգրգռի։ Բժիշկները հավաստիացնում են՝ բիոպսիան չի կարող գրգռել ուռուցքը, հակառակը, այն օգնում է ճիշտ ախտորոշում դնել։

Նշենք, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան, հյուսվածք կամ հեղուկ ենթակա է պարտադիր ձեւաբանական հետազոտության՝ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով:

Ձեւաբանական հետազոտության անհրաժեշտության, կարեւորության եւ դրա վերաբերյալ ամենատարածված միֆերի մասին ենք զրուցել Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Պաթանատոմիական կլինիկայի բաժնի վարիչ, Երեւանի պետական բժշկական համալսարանի Ախտաբանական անատոմիայի եւ կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Անդրեյ Պապյանի հետ։

– Ի՞նչ է ձեւաբանական հետազոտությունը:

– Ձեւաբանական հետազոտությունն իրենից ներկայացնում է մարդու օրգանիզմից վերցրած հեղուկների, օրգանի ամբողջական կամ մասնակի հեռացված կտորների, հյուսվածքների ուսումնասիրություն՝ հիմնականում լուսային մանրադիտման եղանակով, ընդ որում՝ հետազոտությանը ենթարկվող հյուսվածքների չափը եւ քանակը կախված է ստացման եղանակից: Հյուսվածքի ստացումը իրականացվում է կամ վիրահատության ընթացքում, կամ այլ ախտորոշիչ, լապարոսկոպիկ, էնդոսկոպիկ հետազոտություններով, որը եւ ընդունված է անվանել «բիոպսիա», որը հունարենից թարգմանած նշանակում է կյանքի դիտում մանրադիտակի օգնությամբ: Բուն ձեւաբանական հետազոտությունը հիմնականում իրականացվում է մանրադիտման երկու եղանակով՝ բջջաբանական, բժիշկ-բջջաբանի կողմից ուսումնասիրվում են հեղուկները եւ հյուսվածքի փոքր, 0,5 սմ-ից պակաս նմուշները եւ հյուսվածաբանական՝ բժիշկ-ախտաբանի կողմից՝ 0,5 սմ եւ մեծ կտորները։ Քանի որ հենց հյուսվածաբանական հետազոտությունն է աշխարհում ընդունված որպես ախտորոշման ոսկի ստանդարտ, այստեղ ես խոսելու եմ հենց հյուսվածաբանական հետազոտության մասին։

– Ինչպե՞ս է իրականացվում ձեւաբանական հետազոտությունը:

– Նախ պետք է նշեմ, որ ձեւաբանական հետազոտության արդյունքների ճշգրտությունը կախված է հենց հյուսվածքի վերցման պահից։ Նախ եւ առաջ հյուսվածքի նմուշը պետք է լինի ինֆորմատիվ, այսինքն՝ ունենա 0,5 սմ ոչ պակաս չափս ու պարունակի եւ ախտահարված, եւ առողջ հյուսվածքներ։ Բիոպսիա իրականացնող բժիշկը կրում է պատասխանատվություն նմուշի պահպանման եւ հյուսվածաբանական լաբորատորիա տեղափոխման համար։ Միջամտությունը կատարելուց անմիջապես հետո բժիշկը պետք է պահպանի նյութը հերմետիկ տարաներում՝ համապատասխան լուծույթների մեջ (ամենատարածվածն ու մատչելին բուֆերացված ֆորմալինի 10% լուծույթ), քանի որ կտորը հեռացնելուց հետո առաջին իսկ վայրկյաններից սկսում է քայքայվել, կամ ենթարկվել աուտոլիզի, իսկ տվյալ լուծույթը ֆիքսում է հյուսվածքները եւ կանխում քայքայումը։ Նյութը լաբորատորիա տեղափոխելուց առաջ բժիշկը պետք է պարտադիր լրացնի ձեւաբանական հետազոտության ուղեգիրը՝ նշելով պացիենտի անունը, ազգանունը, տարիքը, սեռը, կլինիկական կարեւոր տվյալները եւ նախնական կլինիկական ախտորոշումը: Պետք է նշեմ, որ ուղեգրի բացակայությունը կամ ոչ պատշաճ եղանակով ֆիքսված նյութը հիմք է հանդիսանում լաբորատորիայի կողմից նյութի ընդունման մերժումը: Ուղեգրում պարունակվող տեղեկատվությունը շատ կարեւոր է ախտաբանների համար։ Կոպիտ ասած՝ մենք գործ ունենք մարդու փոքր կտորի հետ, որից կարողանում ենք պատկերացում կազմել մարդու մոտ զարգացող հիվանդությունների մասին, իսկ բժշկի կողմից տրված լրացուցիչ կլինիկական տվյալները էլ ավելի ճշգրիտ են դարձնում մեր եզրակացությունը։ Նյութը ընդունելուց հետո կատարվում է նյութի նկարագրություն, հատուկ մշակում, ներկում, ապակիների պատրաստում եւ ի վերջո դիտում բժիշկ-ախտաբանի կողմից։ Արդյունքում տրվում է եզրակացություն այն ախտաբանական գործընթացների վերաբերյալ, որոնք հայտնաբերվել են հետազոտված հյուսվածքների սահմաններում: Պետք է նշել, որ դա դեռ ախտորոշում չէ։ Ախտորոշումը տրվում է միայն բուժող բժշկի կողմից՝ հիմնվելով մեր եզրակացության վրա։

– Ո՞ր դեպքում է այն պարտադիր, արդյոք կա՞ն դեպքեր, երբ քաղաքացին կարող է իր ցանկությամբ դիմել՝ որեւէ օրգան, հյուսվածք կամ հեղուկ հանձնելով ձեւաբանական հետազոտության:

– Հյուսվածաբանական հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել ցանկացած ախտաբանական գործընթաց, տարբեր հիվանդություններ՝ հասարակ բորբոքումից մինչեւ քաղցկեղ։ Կարող ենք հայտնաբերել որոշ ժառանգական հիվանդություններ, պարզել հիվանդության բուն պատճառը եւ բժշկի կողմից նշանակված բուժման արդյունավետությունը, իսկ վիրահատական բուժման դեպքում՝ ախտահարված հյուսվածքի ամբողջական հեռացումը (հատկապես քաղցկեղի դեպքում): Այդ իսկ պատճառով մեր հետազոտությունը աշխարհում համարվում է «ոսկե ստանդարտ», մարդկանց հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար։ Իհարկե, յուրաքանչյուր անձ իրավունք ունի անցնել ձեւաբանական հետազոտություն, բայց ինչպես արդեն հասկացաք, նա չի կարող ուղղակի դիմել մեզ, կոպիտ ասած, մազի կամ ախտահարված եղունգի հետազոտության պահանջով, թեպետ նման դեպքեր լինում են։ Հյուսվածքը, նույնիսկ եթե այն հեռացվել է անձի կողմից, օրինակ՝ պատահական պոկված խալը, ընդունվում է լաբորատորիա միայն բժշկի կողմից լրացված ուղեգրով, իսկ ձեւաբանական հետազոտության պատասխանը առաջին հերթին հասցեագրված է բուժող բժշկին, քանի որ միայն նա կարող է ճիշտ մեկնաբանել՝ մեր հետազոտության արդյունքները համադրելով հիվանդության կլինիկական պատկերի եւ այլ կլինիկալաբորատոր հետազոտությունների տվյալների հետ։ Եթե ախտորոշման կամ բուժման ընթացքում, օրինակ՝ վիրահատության ժամանակ, կամ բիոպսիայի միջոցով հյուսվածք է հեռացվում՝ հորդորում եմ չխուսափել ձեւաբանական հետազոտությունից։

– Կցանկանայի անդրադառնայիք նաեւ բուն պրոցեսին, որքանով է այն համարվում ցավոտ պրոցեդուրա:

– Հյուսվածքի փոքր կտորի ստացման անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիան իրականացվում է փոքր ասեղով, որը կոչվում է ասեղային բիոպսիա։ Այն կարելի է համեմատել սովորական ներմկանային կամ ներերակային ներարկման հետ։

Ավելի խոշոր կտորների ստացման դեպքում այն իրականացվում է կամ տեղային, կամ կարճատեւ ընդհանուր անզգայացման պայմաններում, որը տեւում է մոտ 30 րոպե եւ ցավոտ չէ։ Այս դեպքում այն կարելի է համեմատել ատամի հեռացման հետ։

Իսկ օրգանի հեռացումը, օրինակ՝ որդանման ելունի կամ լեղապարկի, կատարվում է վիրահատարանում, ընդհանուր անզգայացման պայմաններում, որը հանդիսանում է վիրահատական բուժման փուլերից մեկը։

– Ինչպե՞ս կոտրել բիոպսիայից խուսափելու, վախենալու կարծրատիպերը:

– Բիոպսիայից պետք չէ վախենալ, քանի որ բիոպսիայի շնորհիվ բժիշկը կարողանում է ախտորոշել հիվանդությունը, ճիշտ որոշել հետագա վիրահատության տեսակը, ծավալը, ուռուցքների դեպքում՝ վիրահատությունից առաջ կատարել համապատասխան ճառագայթային եւ/կամ քիմիաթերապեւտիկ բուժում: Մարդիկ պետք է հասկանան, որ ճիշտ ախտորոշումը, որը հիմնված է ձեւաբանական հետազոտության արդյունքի վրա, նշանակում է ճիշտ բուժում, եւ հետեւաբար շուտափույթ ապաքինում: Ուզում եմ նաեւ կոտրել մեկ այլ կարծրատիպ, որ բիոպսիայից ուռուցքը «գազազում է»։ Արդեն ապացուցվել է, որ դա միֆ է եւ պետք չէ դրանից խուսափել։ Իսկ մեր հարգարժան բժիշկներին խորհուրդ եմ տալիս պացիենտներին մանրամասն բացատրել բիոպսիայի կարեւորությունը:

Վերջում կցանկանայի մի իրական դեպք ներկայացնել, որից հետո, կարծում եմ, հարցեր չեն մնա։ Երիտասարդ աղջիկը այտի շրջանում մանկահասակ տարիքից ունեցել է խալ։ Հետագայում, նկատելով խալի չափերի մեծացում, դիմել է մաշկի խնամքի կենտրոններից մեկին, որտեղ կատարվել է խալի հեռացում՝ առանց ձեւաբանական հետազոտություն անցնելու։ Երկու ամիս անց աղջկա մոտ հայտնաբերվել են գլխուղեղի բազմակի մետաստատիկ ախտահարումներ՝ առանց առաջնային ուռուցքի հայտնաբերման։ Ցավոք սրտի, 6 ամիս անց աղջիկը մահացել է գլխուղեղի մետաստատիկ մելանոմայի պատճառով։ Բժիշկների կարծիքով՝ առաջնային ուռուցքը հենց այտի «խալն է» եղել, որը, սակայն, ժամանակին չի հետազոտվել եւ հետեւաբար մաշկի չարորակ ուռուցքը՝ մելանոման չի ախտորոշվել վաղ շրջանում։

– Տարածված խոսք կա չէ՞, որ ասում էին՝ ուռուցքին ձեռք չենք տալիս, որովհետեւ կարող է տարածվել: Ինչո՞վ է պայմանավորված այս պնդումը, իսկապես բիոպսիայից հետո անհնար է որեւէ հիվանդության զարգացումը, տարածումը, եթե այո, ապա՝ ինչու:

– Այս միֆը գալիս է 20-րդ դարի 60-ական թվերից, երբ քաղցկեղի բուժման միակ արդյունավետ եղանակն է եղել արմատական վիրահատությունը՝ շրջակա առողջ հյուսվածքների հետ միասին։ Իսկապես նման լայնածավալ վիրահատությունները մեծ վնաս էին պատճառում եւ առռղջ, եւ քաղցկեղային հյուսվածքներին՝ հատկապես խոշոր անոթների եւ օրգանի պատիճը հատելու դեպքում քաղցկեղային բջիջների տարածման վտանգը մեծ է եղել։ Նույն մտավախությունները եղել են նաեւ բիոպսիաների ներդրման փուլում։

Հետագա վերլուծությունները ցույց են տվել, որ բիոպսիայից հետո արյունահոսությունից կամ վարակից մահանալու հավանակությունն ավելի մեծ է, քան բուն քաղցկեղի տարածումից։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակ բիոպսիան իրականացվում էր «անզեն աչքով», միայն ուռուցքը շոշափելով, չկար ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներ։
Իհարկե, ինչպես միջամտության հատուկ տեսակ, ցանկացած բիոպսիա կարող է ունենալ բարդություններ, սակայն բժշկական հավաստի աղբյուրներում մինչեւ օրս քաղցկեղի տարածման մասին որեւէ հրապարակում այդպես էլ չի գրանցվել։

Ներկայումս մարդու օրգանիզմում չկա որեւէ տեղամաս կամ օրգան, որտեղից հնարավոր չէ ստանալ հյուսվածքի նմուշ։ Դա կատարվում է հատուկ սարքերի օգնությամբ, որոնց կտրող գործիքներն այնքան փոքր են եւ սուր, որ հյուսվածքին հասցրած վնասը կարելի է համեմատել մոծակի խայթոցի հետ։ Հուսով եմ, որ կարողացա ճիշտ ներկայացնել բժիշկ-ախտաբանին, նրա բարդ եւ պատասխանատու աշխատանքը եւ ձեւաբանական ախտորոշման կարեւորությունը։ Ճիշտ ժամանակին կատարված ախտորոշումը փրկում է մարդկանց կյանքեր։

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել