Ի աջակցություն Արցախի ու արցախահայության, այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ էին նաեւ «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման անդամները:
Շուշիի միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն Լիդա Մկրտչյանը շարժման անունից Aravot.am-ի միջոցով հանրությանը ցանկացավ հորդորել, որ իրենց այլեւս չասեն փափկասուն տիկնայք: «Մենք էությամբ արդեն դուրս ենք եկել այդ շապիկից: Մենք զգում ենք, որ մի զինվոր էլ մենք ենք եւ իրավունք չունենք այլեւս փափկասուն կյանքով ապրել: Մենք պատրաստ ենք բոլոր դառնությունները, բոլոր փորձությունները, բոլոր արհավիրքները պատվով կրել եւ հաղթանակել: Դրա համար եմ ասում, որ այլեւս փափկասուն չենք, իրավունք չունենք թուլանալու, արտասվելու: Դա կնիկների գործն է, ոչ թե կանանց: Մենք կին ենք արժանապատիվ: Ես իմ երեք որդիներին քնեցնելիս օրորոցային երգել եմ «Զարթիր, Լաո» եւ «Քելե Լաո, քելե էրթանք մըր Էրգիր»:
Իմ տղաներն այդ ոգով են դաստիարակվել, մասնակցել են Արցախյան բոլոր պատերազմներին, առաջինին, որպես ականատես երեխա, երկրորդին եւ երրորդին` արդեն որպես մասնակից: Իրենք մեղք չունեն, որ չհաղթանակեցին: Իրենք չպարտվեցին: Իրենք զոհն են ստորագրության ու դավաճանության, իրենք պատրաստ չէին այդ ստորագրությանը, իրենք հուսախաբ եղած տղաներ են:Իրենք մեեեեծ, ոգեւորությամբ մինչեւ վերջ կռվել են ու չեն սպասել, թե մի օր կապիտուլյացիա կստորագրվի»,-ասաց նա:
Շարժման մյուս մասնակիցներն էլ ավելացրին. «Մենք ուզում ենք օրորոցայինի «Սուլթան կուզե…» բառերը փոխել եւ ասել. «Սուլթանի գլուխ պատով կուտանք»: Մենք ուժ ունենք: Առանց բարեկամ մնում են այն ազգերը, որոնք իրենք իրենց հետ բարեկամ չեն, թույլ են: Թույլը երբեք զինակից չի ունենում: Միշտ հիշենք, որ նահատակ լինելուց բացի, հայն ունեցել է Նժդեհ, Շահան Նաթալի, Գուրգեն Յարիկյան, Անդրանիկ, հայդուկներ: Ու մենք նրանց, մեր հերոսների արժանի զավակներն ենք: Մենք պետք ` աշխարհին մեկ անգամ էլ ցույց տանք, որ հայը չի նվաղի եւ Բելի գլուխը մեկ անգամ էլ կջարդի: Մենք մեր զավակների եւ թոռների մեջ պետք է դաստիարակենք հենց նրանց ոգին։
Կարդացեք նաև
Մենք այսօր կոչ ենք անում . «Սիրելի մայրեր, քույրեր, կանայք: Մեր երեխաներն այսօր այստեղ ապահով են, բայց Արցախում ունենք քույրեր, բալիկներ, որոնք այսօր զրկված են տաքանալու հնարավորությունից, ունեն գոյաբանական խնդիր: Եվ եթե մենք մեր հայրենիքի համար ինքներս չկանգնենք մեկս մյուսի կողքին, ոչ ոք մեր կողքին չի կանգնելու: Ուրեմն, բոլորս պետք է միակամ, մի բազուկ դարձած ապացուցենք աշխարհին, որ չկա արցախցի, չկա սյունեցի, երեւանցի կամ տավուշցի, պետք է ապացուցենք, որ հայը մեկն է եւ կանգնած է ի պաշտպանություն իր երկրի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ