Aravot.am-ի տեղեկություններով, Վայոց Ձորի գյուղական համայնքներից մեկի ամբուլատորիայի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ:
Մասնավորապես, նշված ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան երկար տարիներ չի շահագործվել եւ մշտապես կայանված է եղել ամբուլատորիայի շենքի դիմաց: Իսկ շտապ բժշկական օգնության կանչերը սպասարկվել են հիվանդների հարազատների միջոցներով: Մինչ դեռ ՊՈԱԿ-ի տնօրենը դրանք ձեւակերպել է որպես հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայով սպասարկված կանչ, որի դիմաց դուրս է գրել համապատասխան քանակությամբ վառելիք:
Բացի այդ, նշված ամբուլատորիայում տնօրենը որպես շտապ օգնության վարորդ հրամանագրել է իր հարազատ եղբորը, ով երբեւէ նշված մեքենայով կանչի վայր չի գնացել, իսկ մյուս եղբորը նույն ՊՈԱԿ-ում տարիներ առաջ հրամանագրել է որպես պահակ, սակայն վերջինս երբեւէ աշխատանքի չի հաճախել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: