Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ այսօրվանից անժամկետ նստացույց է սկսել: Նրան մոտեցան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ: Նրանք բավականին տեւական ժամանակ զրուցում էին: Aravot.am-ը պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց, թե ո՞րն էր զրույցի թեման:
«Զրուցում էինք ստեղծված իրավիճակի շուրջ, թե ինչո՞ւ է նա այս քայլին գնացել: Մտքեր էինք փոխանակում, թե ինչ անել, որպեսզի ճանապարհի ապաշրջափակումը հնարավորինս շուտ լինի: Ես պարոն Բեգլարյանին խնդրեցի, որպեսզի նա իր այս քայլը` նստացույցը, հացադուլի չվերափոխի»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Հարցին, թե Արցախի նախկին ՄԻՊ-ը ականջալուր կլինի՞ խնդրանքին, պատգամավորը պատասխանեց. «Հուսով եմ, կլսի: Նա ասաց, որ իմ ասածների մասին կմտածի: Նաեւ ասաց, որ ինքը պրագմատիկ մարդ է եւ իռացիոնալ որոշումներ չի կայացնի: Բայց սա միայն արցախցիների ու Արտակի պայքարը չէ, սա բոլոր հայերի պայքարն է: Ամեն մեկս պետք է ինչով կարող ենք, այս պահին խելամտության սահմաններում այդ հարցը լուծենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ