«Իշխանության անդամներն ուղղակի կամ անուղղակի տեքստերով ի լուր աշխարհի առանց ամաչելու ասում են, թե Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։ Հիշո՞ւմ եք տարիներ առաջ Բերձորի միջանցքը որտեղ էր՝ խորը թիկունքում։ Այս իշխանության ջանքերով հանձնվեցին Շուշին, Քաշաթաղը, եւ Արցախին կապող այդ միակ ճանապարհը դարձավ այսքան խոցելի»,-Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստի առիթով կառավարության դիմաց կայացած բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է խնդիրը կենտրոնացնել բացառապես հումանիտար հարցերի տիրույթում, սակայն իրականում միակ խնդիրն այդ ճանապարհի բացումը չէ, այլեւ այն, որ հակամարդկային միջոցներով ՀՀ-ին եւ Արցախին նոր վերջնագիր է ներկայացվել․ «Ադրբեջանը հստակ գնում է Արցախը հայաթափելու եւ մաս-մաս խլելու ճանապարհով»։
Աբրահամյանի բնորոշմամբ՝ Հարավային Կովկասում հավակնություններ ունեցող բոլոր դերակատարները պետք է հասկանան, որ հայ ժողովրդի համար յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր հնարավորությունները․ «Նրանք ունեն Ադրբեջանին զսպելու եւ հետ պահելու գործիքակազմ։ Եթե չգործեն, հետեւանքները ծանր են լինելու։ Արցախցիներն ուժեղ են, բայց ունեն ՀՀ-ի եւ սփյուռքի սատարման կարիքը։ Հայաստանում օրակարգ թելադրողը ոչ թե այս իշխանությունն է, այլ այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախի հարցերը լուծելուց հետո Ադրբեջանը հասնելու է ՀՀ-ին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ