Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու պատճառով շրջափակման մեջ հայտնված արցախահայությանը սատարելու համար ՀՀ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները քիչ առաջ ցանկացան Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակի համար փոքրիկ մոմեր դնել հրապարակի տոնածառի մոտ։
«Հիշատակի եւ պայքարի մոմն է»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Մոմերով տոնածառին մոտենալ ցանկացող քաղաքացիներին, սակայն, ոստիկանները թույլ չտվեցին առաջանալ։ Ուշագրավ է, որ հավաքի հենց սկզբից ոստիկանները տոնածառի շուրջը շղթա էին կազմել։
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյան-Ոչ մեկ ձեռք չի տալու։ Անվտանգությունից ելնելով միշտ այսպես կանգնում եք տոնածառի տա՞կ։ Բա որ չէ, ինչո՞ւ չեք թողնում։
Ոստիկան-պարոն Աշոտյան, ստեղ դրեք գնացեք։
Արմեն Աշոտյան-Ոչ, ոտի տակ չեմ դնելու, տղերքի հիշատակի համար է։ Մոտիկ եմ ուզում դնել, որովհետեւ այս մոմի լույսը դրա լույսին պետք է փակի։ Ավելորդ խնդիր մի ստեղծեք։
Ոստիկան-Անվտանգությունից ելնելով․․․
Աշոտյան-Ինչի՞ եք խնդիր սարքում։ Եթե երեխաներիս հետ մոտենայի տոնածառին, թողնելու էիք, չէ՞։ Եթե չարամտություն անել ուզենայի, հենա կանեի։ Թողեք մոտենամ։ Այստեղ չարամիտ մարդիկ չկան։
Ոստիկանությունը, սակայն, անդրդվելի էր եւ չհամաձայնեց մոմերով քաղաքացիներին ուղեկցել տոնածառի մոտ։ Բանակցություններից հետո ոստիկանները թույլ տվեցին փոքր-ինչ մոտենալ ու մոմերը դնել գետնին։
Ցուցարարներին տոնածառից «բաժանում» էին մի քանի շարք ոստիկանները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ