Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն. «Համախմբում» նախաձեռնության դիմումը՝ ՄԱԿ-ին

Դեկտեմբեր 14,2022 18:30

-Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը,

-Դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ,

-Դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները,

-Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն,

-Ձեռք առնել ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի «Դաժան հանցագործությունների վերլուծության շրջանակ» փաստաթղթով նախատեսված և իր լիազորություններից բխող այլ գործողություններ՝ ներառյալ վաղ նախազգուշացումը (Early warning), իրազեկման բարձրացումը (Rising awareness), պաշտպանելու պատասխանատվության առաջքաշումը (Advancing responsibility to protect implementation)։

Այսօր այս պահանջներով «Համախմբում» նախաձեռնության անդամները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:

Նամակը եւ պահանջները հնչեցրեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը: Որոշ ժամանակ անց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը մոտեցավ ցուցարարներին եւ ստացավ պահանջագիրը: Նա հավաստիացրեց, որ երեկվանից այս հարցով իրենց գրասենյակը տարբեր նամակներ է ստացել, բոլորն էլ փոխանցվելու են հասցեատերերին:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրություն, այսինքն, նա Արցախի շուրջ ձեւավորված այս ստատուս-քվոյի երեք շահառուներից մեկն է, նա նույնչափ պատասխանատու է, որչափ Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարները, որոնք ստորագրել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը՝ փարիսեցիություն որակելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ հայկական կողմը պատասխանատվություն չունի ստեղծված իրավիճակի համար: Նա պնդում է, որ ստորագրելով եռակողմ հայտարարությունը, Հայաստանը ևս պատասխանատվություն է վերցրել՝ արցախցիների համար խաղաղ կյանք ապահովելու եւ եթե երեք կողմերից մեկը ինչ-որ պահի խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ևս պետք է մտածի իր վարքագծում փոփոխություններ անելու մասին, որոնք կստիպեն մյուս կողմին՝ այդուհանդերձ, ապահովել խաղաղությունը:

Ավետիք Չալաբյանը չի կարծում, որ այս ամենը պատերազմի նախերգանքն է. «Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, կգնար հենց պատերազմի. ձմռան պայմաններում պատերազմական գործողություններն այդքան հեշտ չեն եւ նախորդ՝ սեպտեմբերի 13-14-ի պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը լուրջ կորուստներ է տվել: Այնպես չի, որ Ադրբեջանը հեքիաթի աղվեսն է եւ միշտ կացին ունի: Ադրբեջանն էլ լուրջ կորուստներ է տվել, Ադրբեջանի ներսում էլ դժգոհությունը բավական մեծ է եւ մարդիկ, ի վերջո, հարց են տալիս՝ մեր երեխաները ինչո՞ւ են կոտորվում, ինչո՞ւ եք նրանց ուղարկում Հայաստանի վրա, մեզ Հայաստանի հողերը պետք չեն: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն անսպառ հնարավորություններ ունի կռվելու, չեմ կարծում, որ մեր բանակը ոչնչացված է եւ կարողություններ չունի: Չեմ պնդում, որ այս պահին մենք կարող ենք հարձակվել, բայց պաշտպանական ներուժը շատ լուրջ է ու օր-օրի աճում է: Պետք չէ մեզ պատերազմով վախեցնել»:

Ավետիք Չալաբյանի գնահատմամբ, Ադրբեջանը հատուկ է Լաչինի միջանցքը փակելու այդ ցինիկ ձեւն ընտրել՝ իր քաղաքացիական բնակչությանն օգտագործելով իբրեւ վահան: Հարցի լուծումը, բանախոսի գնահատմամբ բազմաշերտ է եւ պայմանավորված է հայ ազգի մոբիլիզացիայով՝ ամենուր, որպեսզի աշխարհը խոսի այս ամենի մասին, «ոչ թե պարապ նստենք տանը՝ հույսով, որ ինչ-որ ռուս կգա ու կբացի ճանապարհը, եթե Արցախում մարդիկ մրսում են, ոչինչ, մենք էլ մի քիչ մրսենք»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մենուա Սողոմոնյանն իր ելույթում ասաց. «Դրամատիկ ճակատագիր, բնաջնջման սպառնալիք է կախված 120 հազար մարդու վրա, որոնցից 30 հազարը երեխաներ են: Աշխարհը լուռ է եւ անհաղորդ է»: Նա համայն հայությանը կոչ արեց՝ լուռ եւ անհաղորդ չմնալ, բոլոր հնարավոր ձեւերով խոսել այս խնդրի մասին, «դուրս գալ՝ կանգնել բակում եւ ի համերաշխություն՝ մրսել մի քիչ»:

Ելույթ ունեցավ նաեւ Արցախի նախկին ՄԻՊ, ՄԱԿ գրասենյակի մոտ անժամկետ նստացույց հայտարարած Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով թեկուզ կյանքի ու զրկանքների գնով պաշտպանել «կարմիր գծերը»:

Նա կոչ արեց մարդկանց՝ ՀՀ բոլոր բնակավայրերում, Սփյուռքում՝ ոտքի կանգնել՝ ի պաշտպանություն արցախահայության կյանքի իրավունքի, ՀՀ-ի եւ Արցախի սահմանների պաշտպանության պահանջ ներկայացնել միջազգային հանրությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031