Արցախի քաղաքացիները ցույց էին անում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև, նրանք մի պահանջ ունեին` Լաչինի ճանապարհի ապաշրջափակումը։
Բողոքի մասնակիցները շեշտում էին, որ ցույցը հակառուսական բնույթ չի կրում, պարզապես ուզում են, որ ճանապարհն ապաշրջափակվի, և իրենք վերադառնան իրենց բնականոն կյանքին: Քանի որ ռուս խաղաղապահներն են պատասխանատվություն վերցրել եռակողմ հայտարարության կատարման համար, բողոքի ցույց իրականացնողները ուզում էին ՌԴ դեսպանատնից ճշտել, թե ճանապարհի հարցը ինչպես է լուծվելու։
Ցուցարարներն իրենց ավտոմեքենաներով փակել էին ՌԴ դեսպանատան մուտքը։ Ոստիկանները ուժեր կենտրոնացրին դեսպանատան մոտ և տարան ՌԴ դեսպանատան մուտքը փակած մեքենաները։
Նշենք, որ այսօր Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ անժամկետ նստացույց է սկսել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով միջազգային հանրությունը աջակցելու խնդրի կարգավորմանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ է տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում: Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ