Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական սոցցանցերում գրառումներ կան, որ եթե իրենց այսպես պահեն, անջատելու ենք նաև հոսանքն ու կապուղիները»․ Գառնիկ Դավթյան

Դեկտեմբեր 14,2022 17:47

«Արցախում իրավիճակը գերլարված է․ մարդասիրական լուրջ ճգնաժամի է բախվել Արցախը»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ահազանգեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ձգտում է նման քայլերով արցախահայերին ստիպել, որ վերջիններս այլ քայլ չունենան, քան Արցախը լքելը։ Նրանց պահանջը Ադրբեջանի հարցերով փորձագետն այսպես բնութագրեց․ «Մենք թույլ կտանք՝ ոչ թե արցախցիները գան ԱՀ, այլ թույլ կտանք, որ դուրս գան։ Սա հայաթափման փուլի՝ իրենց համար կարևոր, վճռական քայլերից է, փորձում են մեր հայրենակիցներին ահաբեկել, որ այլընտրանք չունենալով՝ դուրս գան Արցախից»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի քարոզչական թեզերին՝ Գառնիկ Դավթյանն ասաց․ «Ադրբեջանական քարոզիչները նշում են, որ ադրբեջանական կողմը որևէ հնարավորություն չտա, բացի իրենց համար նշանակալի զիջումներ կորզելուց հայկական կողմից, որի պարագայում վերականգնվի գազի ու ճանապարհի ելումուտը։ Կարող ենք առանձնացնել երկու հանգամանք՝ ըստ որի՝ ադրբեջանական կողմը փորձում է իր համար լուծումներ ստանալ։ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալը՝ կլինի անցակետով՝ մեկ կամ երկու, որը ցանկալի է իրենց համար, որ լինի Շուշիի խաչմերուկում, որ ավելի մոտ լինեն իրենց զորքերին։ Երկրորդը՝ որևէ ձևով ներգրավվածություն ունենան Արցախի ներքին կյանքին՝ կլինի հանքի նկատմամբ վերահսկողության դիտարկելիության ուղղությամբ, ընդհանուր առմամբ բոլոր հնարավոր միջոցներով Արցախի ներքին կյանքի նկատմամբ ունենան վերահսկողություն»։

Անդրադառնալով ադրբեջանական «բնապահպանական ակտիվիստների» գործողություններին՝ նա ասաց․ «Բաքվից 2 կիլոմետրի վրա ուղիղ գծով գտնվում է հանքի պոմպակայանների տարածքը՝ ամայի տարածք՝ մայրաքաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանական կողմը, եթե այդքան մտահոգված է իր բնապահպանական աղետներով, առաջին հերթին թող լուծի մայրաքաղաքին կից գտնվող բնապահպանական աղետը։ Սա իրականում քաղաքական պատրվակ է, որ փակվի Լաչինի միջանցքը»։

Ըստ Գառնիկ Դավթյանի՝ եթե արդեն նախագծված լինեին նոր գազատարի խողովակները, գուցե այսպիսի խնդրի առաջ կանգնած չլինեինք գազամատակարարման դադարեցման պատճառով։ Նա ասաց․ «Եթե պատերազմից հետո սկսեին նոր գազատարի կառուցումը, վստահ եմ, որ տեղյակ են եղել, որ այդ տարածքը պիտի հանձնեին, որտեղ գտնվում է գազատարի փականը, խողովակները նախագծեին, հիմա, որ անջատեին էլ գազամատակարարումը, կիմանայինք, որ գոնե երկու ամսից կլինի։ Ոչինչ չի արվել, և հիմա կանգնել ենք լուրջ մարդասիրական աղետի առաջ»։

Գառնիկ Դավթյանը նշեց, որ ադրբեջանական սոցցանցերում գրառումներ կան հոսանքն ու կապի միջոցներն անջատելու մասին․ «Իրենց մոտ կան գրառումներ և հայտարարություններ, որ ոչ միայն գազը, այլև հոսանքն ու ինտերնետ, հեռախոսային կապն են անջատելու, եթե այսպես պահեն իրենց։ Ենթադրում եմ, որ արցախցիներին նկատի ունեն։ Ընդհանուր Ադրբեջանի տրամադրվածությունից պարզ է, որ իրենք փորձում են ահաբեկել, ստիպել, որ արցախցիները դուրս գան Արցախից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Միակ գոյաբանական աղետը կոնկրետ ինձ՝ ԼՂՀ քաղաքացուս համար ՀՀ քաղաքացիների մեծամասնության ձայները ստացած գործիչն է, ում ինիցիալներն անգամ գրել չեմ ուզում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031