Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում ՔՊ-ի ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն էր: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ այս նախագծով ՔՊ-ն օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, ուստի իրենք չեն մասնակցելու դրան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սաստելով ընդդիմադիրներից բողոքող ՔՊ-ականներին՝ ասաց, որ մոռանան նրանց մասին. «Իրենք բերել են մի նախագիծ, որտեղ գրած էր՝ «մեր զորակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին», ի՞նչ էիք սպասում մարդկանցից: Ընդամենը պետք է հասկանանք մի հատ՝ ինչի է այս ամենը տեղի ունենում: Կարծում եմ, մեր հարեւան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր ու այդ կարմիր գծերը մեր համար հստակ են, նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի, էլ տեղ էլ չկա որեւէ բան պարտադրելու»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է խոսեն Արցախի տարածքում միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մասին՝ Մինսկի խմբի շրջանակներում: Իսկ ՌԴ խաղաղապահների մանդատը, անկախ նրանից՝ մենք բավարարված ենք, թե չէ, այդուհանդերձ, պետք է երկարաձգվի, որովհետեւ անհրաժեշտություն է. «Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Ֆրանսիան հասցեական հայտարարություններ են արել ու մեր ունեցած տեղեկություններով՝ նաեւ ՌԴ-ն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդը վաղուց է սպասում մեր դաշնակցից, հուսանք, հուսախաբ չեն անի»:
Հայտարարության նախագիծն ընդունվեց 57 «կողմ» ձայներով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ