ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկել եւ 57 կողմ ձայնով ընդունել է Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարությունը:
«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը:
Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:
Կարդացեք նաև
Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տեւական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ եւ պայթյունավտանգ գործողության հետեւանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից եւ առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:
Ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետեւանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:
Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո:
Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն: Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում:
Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,-նշված է հայտարարության մեջ:
ԱԺ