Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյանը ՄԱԿ-ից գործնական քայլեր է սպասում

Դեկտեմբեր 14,2022 16:59

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ցավալի է համարում, որ ՄԱԿ-ին ներկայացվել է Լաչինի միջանցքի փակման հետ կապված խնդիրը, բայց դեռ արձագանք չեն ստացել. այս մասին նա ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, «Համախմբում» նախաձեռնության կազմակերպած ցույցի ժամանակ: ՄԱԿ-ից Գեղամ Ստեփանյանը կոչի չի սպասում, ինչը նույնպես կարեւորում է, այլ կոնկրետ գործողություններ, օրինակ՝ միջազգային գործիքակազմի կիրառում՝ ապահովելու համար արցախցիների կյանքի իրավունքը. «Լինեն դա՝ միջազգային մանդատի տրամադրում խաղաղապահներին, Ստեփանակերտում ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների գրասենյակների բացում»: Միջազգային հանրությունն, ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը:

Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ, միջազգային հարթակներում տեղեկատվության տիրապետում են, բոլոր զեկույցներն ու դիմումները տեղ են հասնում, բայց գործողություններ չեն նախաձեռնվում՝ իբր անկողմնակալություն ապահովելու նկատառումով. «Դե պահպանեք անկողմնակալությունը, երբ էնտեղ մարդիկ սպանվում են: Անկողմնակալությունն է՞ կարեւոր, թե՞ ճշմարտությունն ասելը: Աչք փակել իրավիճակի վրա՝ աբսուրդ է եւ տրամաբանությունից դուրս»:

Ստեղծված իրավիճակի պատասխանատուն Գեղամ Ստեփանյանը համարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրող կողմերը, միաժամանակ, ճիշտ չի համարում պատասխանատվությունը բարդել նրանց վրա ու ետ քաշվել. «Միջազգային իրավունքում կա պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը, որը ենթադրում է, որ եթե ժողովուրդը կանգնած է ցեղասպանության, էթնիկ զտման վտանգի առջեւ, միջազգային հանրությունը ունի պաշտպանելու պատասխանատվություն»: Ըստ նրա, եթե Կոսովոյի կամ այլ դեպքերում կա միջազգային պատասխանատվությունը՝ մարդկանց փրկելու, Արցախի պարագայում տեսնում ենք քաղաքական եւ տնտեսական շահերի գերակայությունը, ինչն էլ հիմնական պատճառն է մշտապես՝ հայ ժողովրդի իրավունքների խախտման:

Ի դեպ, Գեղամ Ստեփանյանը «կեղծ բարեպաշտություն» է որակում ադրբեջանական կողմի իբր պատրաստակամությունը՝ բուժօգնության կարիք ունեցող արցախցիներին օգնելու առումով՝ հիշեցնելով, որ 42 տարեց եւ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ սպանվել են Հադրութում, Շուշիում եւ բռնազավթված մյուս տարածքներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031