Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում ՔՊ-ի ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն էր: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ այս նախագծով ՔՊ-ն օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, ուստի իրենք չեն մասնակցելու դրան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այսօր ժամը 16-ին կլինեն կառավարության շենքի դիմաց ու իրենց մոտեցումները կներկայացնեն այնտեղ:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեգնանքով հայտարարեց, որ ընդդիմադիրները գնացել են՝ նոր խրամատ փորելու. «Այստեղի խրամատը չաշխատեց: Շշեր նետեցին, պարզվեց նռնակ նետել էլ չգիտեն, հիմա գնացել են կառավարության դեմը, բա հո չէի՞ն գնալու Ստեփանակերտ»:
Նա անդրադարձավ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարություններին. «Առավոտյան ես լսում էի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հարցազրույցը: Խայտառակություն: Ինքն ասում է, որ սրա վերջում Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալու Ղարաբաղից: Պարո՛ն Հակոբյան, առաջինը դուք եք դուրս եկել՝ շենքեր ու ձեր առանձնատները կառուցելով Երեւանում: Պետք է դուրս չգալ Արցախից, ամեն ինչ պետք է անել, որ Արցախն իր ամրությունը պահի: Իսկ միջանցքը կփակվի, կբացվի, գազը կանջատվի, նորից կմիացվի, տեսել ենք այս ընթացքում էլ: Պարզապես պետք է ապրել, ապրելով պահել այդ միջավայրը, այդ հույսը: Լաչինի միջանցքը անպայման կբացվի, որովհետեւ տեսա՞ք Ադրբեջանի պաշտոնյան ինչ է ասում՝ ռուս խաղաղապահ ուժն է փակել միջանցքը, մենք չենք: Ռուս խաղաղապահ ուժը դատապարտված է նորից բացելու, ինքը չի կարող, եթե շարասյուն գնաց, բնապահպանների պահանջը նորից դարձնի ճանապարհի փակման առարկա: Կբացվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ