Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում ՔՊ-ի կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն էր: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ այս նախագծով ՔՊ-ն օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, ուստի իրենք չեն մասնակցելու դրան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այսօր ժամը 16-ին կլինեն կառավարության շենքի դիմաց ու իրենց մոտեցումները կներկայացնեն այնտեղ:
ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Երկու օր երկրից բացակայել եմ, իրոք անհասկանալի իրավիճակ է՝ մեր ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է կառավարության դեմը նիստ անելու, ուզում եմ հարց տամ՝ մե՞ր կառավարությունն է փակել Լաչինի միջանցքը, իմաստը ո՞րն է, եթե այդպես է, ապա ես էլ գնամ միտինգի: Ուզում եմ տրամաբանությունը հասկանամ»: Նա հետաքրքրվեց՝ ՔՊ-ի ներկայացրած հայտարարության նախագծում կա՞ մի կետ, որի հետ ընդդիմությունը սկզբունքորեն համաձայն չէր՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ նման բան: Ենթադրում են, որ իրենց հարկավոր էր պատրվակ, որ չմասնակցեն նիստին»: Կոնջորյանն ասաց, որ ընդդիմադիրները ՀՀ-ում կատարվող ցանկացած վատ բան փորձում են կապել իշխանության հետ ու պատերազմը սանձազերծելու մեջ էլ ՀՀ իշխանությանն են մեղադրում:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ առաջարկեց, որ ընդդիմադիրները գնան ՌԴ դեսպանատան մոտ ցույց անեն, ոչ թե ՀՀ կառավարության դիմաց: Նրա դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պատասխանն է մեր այն հայտարարության, որ Ղարաբաղի հարցում կիսում ենք Ռուսաստանի տեսակետը. «Խնդրեմ, Ռուսաստանի տեսակետը: Ադրբեջանի պատվիրակությունը մի քանի անգամ քվեարկում է, որ ՌԴ-ն ագրեսոր պետություն է, պատասխանը մենք ենք ստանում, ոչ թե Ադրբեջանը: Բոլորիս աչքի առաջ մինչեւ ատամները զինված ռուս խաղաղապահները նայում էին, թե ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում, դուք տեսա՞ք, որեւէ խաղաղապահ մոտեցա՞վ, ասեց՝ ճանապարհը մի փակեք: Ես ավելի քան համոզված եմ, որ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, այս բոլորը դրան է ուղղված: Անհամբեր սպասում է՝ երբ պիտի ղարաբաղցիները չդիմանան, մի հատ նռնակ պայթեցնեն, անհամբեր երեւի սպասում են երբ պիտի Լաչինի ուրիշ ճանապարհ փնտրենք սարերով: Սա իմ կարծիքն է, որ ՌԴ-ն փորձում է հրաժարվի Ղարաբաղից եւ փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից: Մենք ուղղակի պիտի խոսակցության մեջ մտնենք Ադրբեջանի հետ ու մեր գործընկերների՝ ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշի պատերազմի մեջ, 20-ական թվականների քեմալական Թուրքիայի առաքելությունը ՌԴ-ն այսօր տալիս է Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանով շահագրգռված է»: Ըստ նրա, ընդդիմադիրների երազանքն է, որ պատերազմ լինի ու պարտվենք, որ իրենք իշխանության գան արդեն ՌԴ նահանգում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ