Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որեւէ հարցում զիջում չունենք անելու». Արտակ Բեգլարյան

Դեկտեմբեր 14,2022 16:23

«Քանի դեռ ինքնուրույն չենք կարողանում մեր խնդիրը լուծել, միջազգային հանրությունը պարտավորություն ունի թույլ կողմին աջակցելու, առավել եւս, երբ դա բխում է մեր կենսական եւ բնական իրավունքներից»,- ասուլիսում նշեց Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ անժամկետ նստացույց սկսած Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Իմ հորդորն է հայ հասարակությանը, որ ամեն մեկը, յուրաքանչյուր խումբ, կլինի՝ քաղաքական ուժ, կուսակցություն՝ ընդդիմադիր, թե իշխանական, հասարակական կազմակերպություն, գիտնականներ, մանկավարժներ, տարբեր մասնագիտական խմբեր՝ բնապահպաններ, իրավաբաններ, բժիշկներ եւ այլն, բոլորն իրենց հերթին իրենց գործնական քայլերը կատարեն։ Միասին կարող ենք քննարկել, թե ով ինչ անի։

Բայց ես նպատակ չունեմ որեւէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ՝ կայծ տալու, լիցք տալու, միտք տալու մեր հասարակությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք՝ Արցախի 120 հազար բնակչությունը, իրոք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած։ Մենք այլեւս ժամանակ չունենք կորցնելու, մենք որեւէ հարցում զիջում չունենք անելու։ Մենք նաեւ այլեւս չպետք է դառնանք էթիկայի եւ կոռեկտության զոհ, հետեւաբար հնարավոր բոլոր գործիքները պիտի կիրառենք մեր կենսական կարմիր գծերը, շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Սա է իմ հիմնական ուղերձը հայաստանյան հասարակությանը»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Former state minister of the Republic of Artsakh Artak Beglaryan gives a press conference in front of the UN Office in Yerevan, Armenia

Հավելեց, որ հայաստանյան հասարակության մասով նաեւ կարեւորում է, որ հստակ բողոքի գործողություններ լինեն կոնկրետ դեսպանատների առաջ, կամ այլ ճնշման ձեւեր կիրառվեն, որպեսզի, նրա ձեւակերպմամբ, դեսպանատներն էլ հասկանան, որ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ․ «Հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ ու պահանջատեր է, որ իր հայրենիքը, իր հայրենակիցներին միջազգային հանրությունն այնտեղ պաշտպանի»։

Ասաց նաեւ, որ նույն ուղերձը հղում է Սփյուռքին․ «Սփյուռքից եւս նույնն եմ ակնկալում։ Այնտեղ պետք է լինի շատ ավելի մեծ համախմբում, քան առայսօր եղել է։ Սփյուռքի բոլոր խմբերը՝ յուրաքանչյուրն իրենց երկրներում, իրենց կառավարություններից պետք է պահանջեն գործողություններ, պատժամիջոցներ՝ Ադրբեջանի հանդեպ ու ոչ թե միայն հայտարարություններ, երբեմն՝ անատամ, անհասցե հայտարարություններ։

Սփյուռքը պետք է հասկանա՝ քանի դեռ իրենք չեն կանգնել, քանի դեռ շարունակական, հետեւողական պայքար չկա, չեն կարողանալու իրենց երկրների կառավարություններին տեղից շարժել։ Այս տեսանկյունից՝ Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում եմ շղթայական, ցանցային մեծ պայքար սկսել»։

Արտակ Բեգլարյանը արցախցիներին էլ անդրադարձավ․ «Իմ ուղերձը նաեւ Արցախի իմ հայրենակիցներին, իմ հարազատներին, որոնք մնացել են շրջափակումից այն կողմ, իսկ ես եւ հարյուրավոր այլ արցախցիներ մնացել ենք շրջափակումից այս կողմ, այն է, որ ամուր լինեն, զրկանքներից չվախենան։ Մենք դա տեսել ենք 1991-92թթ, մենք 6 ամիս շարունակ տեսել ենք շրջափակում, ռմբահարումներ, տեսել ենք սով, բայց հաղթահարել ենք, կարողացել ենք մեր կենսական շահերն ու իրավունքները հայ ժողովրդի համախմբման միջոցով համատեղ ջանքերով պաշտպանել»։

Արտակ Բեգլարյանը վստահ է․«Նույնը մենք կարող ենք անել հիմա, պետք է ուղղակի դիմանալ, քանի որ որեւէ իրավունք չունենք զիջելու։ Մենք չունենք որեւէ շահ զիջելու, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ ուզում է նոր զիջում, որից հետո մեկ օր ասելու է՝ դուրս եկեք, ռադներդ քաշեք այստեղից։ Հետեւաբար, մենք մեր հայրենիքի տերն ենք, Արցախի ժողովուրդը ամուր է կանգնած Արցախում։ Մենք միայն պետք է զգանք, որ միայնակ չենք, հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում կանգնած է մեր թիկունքին՝ բոլոր հնարավոր գործողություններով եւ նաեւ ինքնազոհողություններով։ Այդ դեպքում կկարողանանք համատեղ ջանքերով այս փուլը հաղթահարել, իսկ ավելի երկարաժամկետ ջանքերով՝ հայոց պետականությունը՝ ներսից ամրացնել, ազգային պետությունն ավելի ամուր դարձնել»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031