Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանալի չի ՌԴ դեսպանի պահվածքը Հայաստանում, թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում». Վիգեն Խաչատրյան

Դեկտեմբեր 14,2022 15:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում ՔՊ-ի կողմից ներկայացված  «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն էր: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ այս նախագծով ՔՊ-ն օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, ուստի իրենք չեն մասնակցելու դրան:

Նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նախագծում ներկայացված է Արցախում ստեղծված աղետալի վիճակը, այն, որ հազարավոր երեխաներ ձմռան ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ զրկված են դեղորայքից, պարենի մատակարարումների խնդիր կա, մարդիկ տեղաշարժի խնդիր ունեն եւ այլն ու ամփոփվում է հետեւյալ կերպ. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն ու հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ-ում հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարցրեց. «Ճիշտ չի՞ լինի, որ մենք ուղղակի ՌԴ-ից պահանջենք, որ կատարի իր պարտականությունը, մարդիկ ստորագրել են, պարտավորություն ունեն ու միջազգային մեր գործընկերներին ոչ թե կոչ անենք, այլ խնդրենք, որովհետեւ այն, ինչ ՌԴ-ն չի անում, պիտի մենք անենք, եթե Ռուսաստանը չի կարողանում, պիտի խնդրի մյուսներին: Եթե չի ուզում, լավ չեմ հասկանում: Եթե ԱՄՆ դեսպանատունը Բաքվում կոչ է անում Ադրբեջանին այդ վայրագություններին վերջ տալ, ինձ հասկանալի չի ՌԴ դեսպանության լուռ կեցվածքը Բաքվում եւ հասկանալի չի ՌԴ դեսպանի պահվածքը Հայաստանում, թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»:

Կոնջորյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահ զորախմբի հետ մշտապես քննարկումներ են, բանակցում են, որ կարողանան կանխել ադրբեջանական սադրանքները Լաչինի միջանցքում: Վիգեն Խաչատրյանն արձագանքեց, որ պետք է ոչ թե կոչ անենք, այլ պահանջենք ՌԴ-ին, որ կատարի իր պարտավորությունները:

Կոնջորյանը պատասխանեց, որ մեր հանրության շրջանում իսկապես այդ ակնկալիքը կա, որ ռուս խաղաղապահները միջոցներ ձեռնարկեն ու բացվի Լաչինի միջանցքը: Ըստ Կոնջորյանի, Ադրբեջանը այս քայլով հենց ռուս խաղաղապահ զորախմբի արժեզրկման գործողություն է իրականացնում:

Վիգեն Խաչատրյանին միացավ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ասելով, որ գրեթե նույն առաջարկությունն էր ուզում անել. «Մենք հայտարարությունը միայն ա՞յս տեսքով կարող ենք ընդունել, թե՞ կարող ենք խմբագրումներ անել: Ես առաջարկելու եմ առնվազն ՌԴ-ին ուղղված մեր խոսքի մասում «կոչ ենք անում» բառերը փոխարինել «պահանջում ենք»: Իրար հավասար պատասխանատվության դաշտում դնել ու երկուսին կոչ անելը սխալ է, կան տարբեր պատասխանատվության չափեր կնքված համաձայնագրերի պատճառով»:

Կոնջորյանը պատասխանեց, որ ընթացակարգը կճշտեն քարտուղարությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031