Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում ՔՊ-ի կողմից ներկայացված «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծն է: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ այս նախագծով ՔՊ-ն օգնում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար, ուստի իրենք չեն մասնակցելու դրան:
Նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նախագծում ներկայացված է Արցախում ստեղծված աղետալի վիճակը, այն, որ հազարավոր երեխաներ ձմռան ցուրտ եղանակին մնացել են ճանապարհին, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ զրկված են դեղորայքից, պարենի մատակարարումների խնդիր կա, մարդիկ տեղաշարժի խնդիր ունեն եւ այլն ու ամփոփվում է հետեւյալ կերպ. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն ու հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ-ում հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»:
Ընդդիմության վարքագիծը Կոնջորյանը որակեց արդեն սովորական դարձած «քաղաքական կապրիզ». «ԱԺ խորհրդի նիստի ժամանակ ընդդիմության առաջարկել ենք, որ այս դժվարին պայմաններում միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որովհետեւ ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ պետք է մրցենք, թե ով է այդ կենացի մեջ ավելի ճարտար, ավելի խիզախ, ոչ թե պիտի էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պիտի զբաղվենք գործով ու այնպիսի ուղերձներ հղենք աշխարհին, որը համահունչ կլինի ՀՀ-ի իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը: Ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, ներկայացնել իրենց դիտարկումները, հայտարարեցին, որ իրենց մոտեցումները կներկայացնեն միտինգի ժամանակ: Մեր ընդդիմությունը ոչ թե ԱԺ-ում հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ստանալ միտինգ: Ինչը չստացվեց: Երբ որ իրենք հասկացան, որ ԱԺ-ում իրենց միտինգը չի ստացվում, ասեցին՝ շատ լավ, մենք էլի դուռը կշրխկացնենք ու կգնանք դրսում միտինգ կանենք ու կշարունակենք մեր դեգերումները Երեւանի փողոցներով: Բայց այս պարագայում մենք ոչ թե պիտի զբաղվեինք նորից նույն հնամաշ տեքստերի ճոռոմաբանությամբ, այլ պիտի միասին հայտարարությամբ հանդես գայինք ու միասնական ուղերձ հղեինք աշխարհին»:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ճշտեց՝ ընդդիմության դժգոհությունը ոչ թե բուն հայտարարության բովանդակությունն էր, այլ՝ որ այն ՔՊ-ն է հեղինակե՞լ՝ Կոնջորյանը պատասխանեց, թե ընդդիմության ու բանականության հարաբերությունները գնալով ավելի են բարդանում ու չի կարող բացատրել ընդդիմության գործողությունների տրամաբանությունը. «Փաստացի հետեւյալ պատկերն է՝ եթե դուք չեք համաձայնում մեր ուլտիմատումային պահանջներին, մենք կթողենք ու կգնանք: Տվեք մեզ մեր ուզածը, հակառակ դեպքում մենք կցատկոտենք, ոտքերը գետնին կխփենք, կհեռանանք, դուք կմնաք մենակ: Սա ես համարում եմ քաղաքական ինֆանտիլություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ