Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Եթե Հայաստանում այսօր կա մարդ, որը մտահոգված չէ Արցախի հայությունով, նա ոչնչություն է»

Դեկտեմբեր 14,2022 15:20

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչպես նաեւ Հայաստանից Արցախ գնացող գազամատակարարումը հերթական անգամ փակելուն «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալուց առաջ մաղթեց, որպեսզի այս ծանրագույն իրավիճակը վերջապես լուծվի դրականորեն:

«Սա այն ցանկությունն է, որը հիմա բոլորն ունեն: Կցանկանամ անդրադառնալ նաեւ նրան, թե ինչու ենք հասել այս օրին: Հստակեցնենք. այսպիսի իրավիճակ, որ Արցախը շրջափակման մեջ էր հայտնվել, եղել է 1989-1990-ական թվականներին: Պարզ ասենք. այս իշխանությունը սիրողները եւ չսիրողները պետք է ընդունեն որպես փաստ, որ այս ամենը տեղի է ունեցել օրվա իշխանության ապաշնորհ կամ ուղղակի հայկական շահերին հակառակ քաղաքականության հետեւանքով: Նրանց եմ ասում, որոնք այս իշխանության ջատագովն են: Եթե չեք կարողանում առերեսվել այս փաստի հետ, ուրեմն, դուք վտանգում եք ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հայությունը: Եթե Հայաստանում այսօր կա մարդ, որը մտահոգված չէ Արցախի հայությունով, նա ոչնչություն է, նա պետք է հասկանա՝ մա՞րդ է, թե՞ ոչնչություն:

Ռուսական խաղաղապահների մասին: Հույսերը, որոնք կապվում են խաղաղապահների հետ նաեւ ամբողջ աշխարհում, սին են: Միայն խաղաղապահների վրա հույս դնելը այն կոպիտ քաղաքական սխալն է, որը թույլ է տալիս Հայաստանի օրվա իշխանությունը: Տեսեք, այս իշխանությունն ուղղակի հրաժարվում է՝ ասելով, որ Հայաստանը այլեւս չի կարող ապահովել Արցախի հայերի անվտանգությունը: Երկրորդ. Հայաստանը հավակնում է պաշտպանել արցախահայության իրավունքները, բայց ոչ Հայաստանի հաշվին: Եվ երրորդ. հենց Հայաստանի գործող իշխանությունն է արցախահայության անվտանգության համար ամբողջ պատասխանատվությունը վերագրում միայն Ռուսաստանի խաղաղապահներին, ինչը ավելի վատ բան է, քան ուղղակի հանցագործությունը»։

Լարիսա Ալավերդյանը նաեւ առանձնահատուկ անդրադարձավ Եվրամիությանը․ «Ո՞ւր է Եվրամիությունը, ինչո՞ւ են լուռ նրանց դիտորդները, որ պատրաստվում են առաջիկա օրերին հեռանալ Հայաստանից: Իրենք առնվազն իրականությունը տեսնելու եւ արձանագրելու ցանկություն չունեն: Ինձ ավելի քան պարզ է, որ իրենք շատ լավ պատկերացնում են նպատակը, քայլերը, որ կարող է ձեռնարկել Ադրբեջանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031