ԱԺ խորհրդի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները չեն քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների բերած նախագծին. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Շրջանառվել էր երկու նախագիծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը եւ երկու ընդդիմադիր խմբակցություններինը։ Մենք առաջարկել էինք ընդդիմադիր խմբակցություններին գնալ մեկ նախագծի եւ ի նշան համերաշխության՝ քննարկել մեկ նախագիծ, որպեսզի մեկ ուղերձ հղեինք միջազգային հանրությանը։ Մեր ընդդիմադիր գործընկերները չհամաձայնեցին, եւ մենք կողմ քվեարկեցինք մեր նախագծին, որպեսզի դա ներկայացվի Ազգային ժողովում։ Իրենց հարցի քվեարկությանը մենք չենք մասնակցել։ Մենք պատրաստ էինք նաեւ իրենց նախագծին միանալ, սակայն մենք այդ նախագծի վերաբերյալ ունեցել ենք դիտարկումներ, որոնք իրենց համար եղել են անընդունելի»,- ասաց նա:
Ըստ իշխող ուժի ներկայացուցչի, Ազգային ժողովի ընդունվելիք հայտարարությունը պետք է համընկնի եւ զուգահեռ լինի արտաքին գերատեսչության կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության հետ. «Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը եւ իրավունքները, այլ անվտանգությունից եւ իրավունքներից ենք բխեցնում կարգավիճակը։ Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի լուծման լավագույն մեխանիզմը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունն է, եւ դրա համար մենք շարունակում ենք աշխատել, որ գտնենք միջազգային մեխանիզմներ ուղիղ երկխոսությունն իրականացնելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում այս առիթով ասել էր. «Նախկինում ՔՊ-ն ասում էր՝ նախագիծը նախապես մեզ էլ տրվի, մենք էլ դիտարկենք: Մենք նախագիծը ուղարկել ենք իրենց: Այն վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու, սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հայրենազրկմամբ ադրբեջանական վարքագիծը դատապարտելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը կոչ ուղղելու ու նաեւ ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու եւ նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելու մոտեցումներով: Երեկ մեր կողմից իրենց փոխանցված նախագիծը դիտարկվել է, եւ ներկայացվել է առաջարկություն, մասնավորապես այն դրույթի կապակցությամբ, որ մեր հայտարարության նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ որ արցախահայության գոյության երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Իրենք առարկություն ունեն այս պարբերության վերաբերյալ»: Ընդդիմադիր պատգամավորը ենթադրում է, որ ՔՊ-ում չեն ուզում Արցախի ինքնորոշման մասին խոսել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Երկու օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 13–ին, Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ