Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը պարտավոր է իրականացնել գործողություններ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու իր հայրենակիցներին». Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 14,2022 14:48

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ Արցախին կապող ճանապարհը փակելով, Ադրբեջանը նպատակ ունի մարդկանց մղել մահվան կամ ստիպել, որ հետագայում Արցախը հայաթափվի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ ավելի քան 48 ժամ փակ լինելու իրողությանը, նա ասաց. «Նախ պետք է հրատապ կերպով ու շատ կոշտ միջոցներով բացվի այս ճանապարհը: Երկրորդ՝ երաշխիքների մի ամբողջ համակարգ պետք է ներդրվի, որպեսզի արցախահայությունը Արցախից դուրս չգա»: Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞վ պետք է կոշտ միջոցների դիմի, նա պատասխանեց. «Նախեւառաջ Հայաստանը, որովհետեւ ՀՀ-ն հստակ հանձնառություն ունի Արցախի եւ արցախահայության կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Նաեւ միջազգային մակարդակով է հաստատված այդ հանգամանքը: Եթե անգամ ՀՀ-ն իր ռազմական ներուժով չի կարողանում դա անել, նա պետք է իր դաշնակիցների ուժերին ապավինի, դիմի միջազգային կառույցներին՝ ներգրավելու համապատասխան ուժեր: Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, ամեն ինչ փորձում են թողնել ռուս խաղաղապահների վրա: Իհարկե, ռուս խաղաղապահների հիմնական առաքելությունն է ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ձեռերը լվա ու մի կողմ քաշվի: ՀՀ իշխանությունը պարտավոր է իրականացնել գործողություններ, ընդհուպ ռազմական գործողություններ՝ պաշտպանելու իր հայրենակիցներին: Ռուս խաղաղապահների վրա ամեն ինչ բարդելը ամենաստոր արարքն է: ՔՊ-ի որոշ պատգամավորներ հայտարարում են՝ ի՞նչ եք ուզում, պատերազմ հայտարարենք Ադրբեջանի՞ն Արցախի համար: Եթե պետք եղավ, դա էլ պետք է անեք, բա ի՞նչ պետք է անեք»:

Ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ մեղավորն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, գործող իշխանությունն է՝ իր Նիկոլ Փաշինյանով: Պատասխանելով հարցին՝ արդյոք, մեղավորություն չունի նաեւ ընդդիմությունն՝ իր առաջնորդներով, որ իշխանափոխություն էր խոստանում ու այդպես էլ չհասավ դրան, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մեղավորության աստիճան կա. եթե ՀՀ իշխանությունը իբրեւ օրինավոր ընտրված իշխանություն տանում է ժողովրդին կործանման, եւ երբ մենք ասում ենք՝ ժողովուրդ, կործանման է տանում, եկեք աջակցեք մեզ, փոխենք այս իրավիճակը, ու ստանում ենք նման իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի հատվածը գնում, նորից ընտրում է Նիկոլ Փաշինյանին: Կամ՝ գնում է եւ ՏԻՄ ընտրություններում տարբեր ճնշումների ենթարկվելով, ընտրում է ՔՊ: Եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում, ես այդ դեպքում ինչպե՞ս պետք է փրկեմ»:

Նա հռետորական հարց տվեց՝ եթե ընդդիմությունը հայ ժողովրդի վրա չդնի հույսը, ո՞ւմ վրա դնի՝ արտաքին ուժերի՞. «Արտաքին ուժերի վրա սրանք էլ են դրել եւ իրականացնում են թուրք-ադրբեջանական ծրագիրը: Մենք չենք ուզում որեւէ արտաքին ուժի միջամտությամբ երկրում տեղի ունենա այնպիսի փոփոխություն, որ հետո դու ստիպված լինես այդ արտաքին ուժի այլ ծրագիր իրականացնել: Մեր ուժի գլխավոր աղբյուրը ժողովուրդն է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունը չի կարող Հայաստանի ու Արցախի համար ապագա ապահովել: Այսօր ժողովուրդն ուզո՞ւմ է նոր ընտրություններ: Եթե ուզենար, մենք պետք է առնվազն 1-2 անգամ ունենային 200-300 հազարանոց միտինգներ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031