Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը

Դեկտեմբեր 14,2022 14:35

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն ու Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի  Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ ապահովելու է  Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։

Պաշտոնական Բաքուն իր ապակառուցողական քայլերով ցույց է տալիս, որ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության դեմ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Լաչինի միջանցքն Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ է, որի չգործելը հղի է ծանրագույն հումանիտար հետևանքներով: Այս ճանապարհի պարբերական արգելափակումը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության անհրաժեշտությունը։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ և ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ։

Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանցիների սադրանքները կանխելու համար։

Կոչ ենք անում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին` չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն Արցախի նկատմամբ և ամբողջությամբ տեր է կանգնելու իր հանձնառությանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031