Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները կարող են ավելի կոշտ գործել. Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 14,2022 14:13

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «ոչ բավարար» է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք ձեռնարկվում են Լաչինի միջանցքում իրավիճակը կանոնակարգելու համար: Արծվիկ Մինասյանի կարծիքով, խաղաղապահները կարող են ավելի կոշտ գործողությունների դիմել. «Նրանք ասում են՝ չունենք այդ մանդատը, բայց կա այդ մանդատը, որը գալիս է մարդու հումանիտար իրավունքների ապահովման հրամայականից»:

Հիշեցնենք, ադրբեջանական կողմն արդեն 48 ժամից ավել է՝ փակել է Լաչինի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի հանրապետությունը:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը նաեւ ասաց. «Այդ մանդատը Ռուսաստանն ունի նաեւ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ունի նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, եւ վերջապես ունի նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կարեւոր երաշխավոր կողմերից մեկը: Այդ մանդատը պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի: Հայաստանը ոչ թե պետք է անընդհատ մեղադրի Ռուսաստանին, այլ պահանջներ առաջադրի միջազգային հանրությանը եւ միջնորդությամբ, որ շատ ավելի կոշտ միջոցներ պետք է իրականացնել»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, Արցախում հումանիտար աղետը նաեւ պահանջում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կոնսոլիդացիա, թեեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ակտիվ չէ այդ ուղղությամբ, միայն կոչեր են հնչում, իսկ ամենօրյա աշխատանք չկա: Նա նաեւ չի հասկանում ԵՄ-ի դիտորդական առաքելության ավարտվելը. «Իսկ ի՞նչ են արել իրենք, իրենց գտնվելու ժամանակ Ադրբեջանն անընդհատ կրակում էր հայկական կողմի վրա»:

Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, մասնավորապես այն տեսակետին, թե չբարձրաձայնենք ինքնորոշման իրավունքի մասին, չխոսենք Արցախի հանրապետության մասին, որպեսզի Ադրբեջանին ավելի ագրեսիվ վարքագծի չմղենք, ընդդիմադիր պատգամավորը հարց է տալիս՝ ի՞նչ են անում իշխանավորները, որ մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորված պաշտպանվեն: Իր հարցին նա պատասխան էլ է ակնկալում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031