Ինչպես տեղեկացրել էինք այսօր տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ներկա էին նաեւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներ Սեյրան Ղամբարյանն ու Գայանե Քալանթարյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ իր խոսքում Գայանե Քալանթարյանը նշեց, որ այս որոշմանը բավականին դժվար է հանգել, մտածելով հարազատ քաղաքի զարգացման մասին. «Իմ որոշումը կայացվում է իմ համար շատ դժվար պայմաններում, այն ինձ հեշտ չի տրվել: Որոշումս կայացրել եմ, որովհետեւ իմ ընտանիքն այստեղ է ապրում շատ երկար ժամանակ: Գրեթե տասը սերունդ մենք Ղարաքիլիսայի, Կիրովականի ու Վանաձորի բնակիչներն ենք»:
Գայանե Քալանթարյանը Վանաձորի համայնքի ավագանու կազմում է 1999 թվականից: Եվ հույս է հայտնում, որ այսօր ներկա գտնվելով հրավիրված նիստին, կնպաստի քաղաքի որոշ խնդիրների լուծմանը. «Իմ տարիքն ու փորձառությունն ավագանու կազմում ինձ հանգեցրել է այս շատ դժվար ու պատասխանատու որոշմանը: Կարծում եմ իմ ներկա լինելը եւ ավագանու նիստին մասնակցելը նպաստելու է նաեւ մեր քաղաքի բազում խնդիրների լուծմանը: Արդարացնելու է նաեւ իմ երկար տարիների ընտրողների պահանջները եւ մոտեցումները, որոնք կապված են իմ անձի հետ»,- խոսքը եզրափակեց ավագանու անդամը:
Գայանե Քալանթարյանի ելույթից հետո քննարկեցին արդեն օրակարգային հարցերը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ