Այսօր տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու այս գումարման առաջին նիստը: Արտահերթ նիստին քվորումն ապահովված էր: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նշեց, որ իրենց դաշինքի անդամները նիստին ներկայացել են Մամիկոն Ասլանյանի հանձնարարականով. «Ես Մամիկոն Ասլանյանի դատական նիստին էլ եմ եղել, ինքը հայտարարել է, որ մենք մեր քաղաքի ոչ մի դրական աշխատանքներին, որ պլանավորվում է, դեմ չենք: Ես հաջորդ օրը հանդիպել եմ նրա հետ, եւ ինքը հանձնարարել է հայտարարել, որ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմն մեր մասնակցությունը պարտադիր է»:
Հայտարարությանն ի պատասխան՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց՝ ինչպես Մամիկոն Ասլանյանին, այնպես էլ դաշինքի ներկա ավագանու անդամներին:
Որից հետո Սեյրան Ղամբարյանը շարունակեց. «Ցավը նրանում է, որ մենք չենք առանձնացնում, թե որո՞նք են մեր տնտեսական խնդիրները, որոնք՝ քաղաքական: Որովհետեւ կան խմբավորումներ, որ միշտ մտածում են՝ էնքան վատ, այդքան լավ: Մամիկոն Ասլանյանն էլ ասաց, որ այն ինչը կատարվում է, դա մեր ընտրական խոստումների շարքից է: Կարծում եմ՝ մենք կհաղթենք այս տնտեսական խնդիրները, որ մեզ մոտ առաջացել են, իսկ քաղաքականը կարծում եմ, որ դա նույնպես կհարթվի, ինչ-որ չափով էլ համոզված եմ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ