Այսօր ժամը 13.00-ին տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում կկայացվի ժամը 14.00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Այս մասին Aravot.am-ի հետ զրուցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակվելու առիթով ստեղծված իրավիճակի հետ կապված, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով երեկ հանդես էր եկել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Ընդդիմությունը պահանջում էր նաեւ, որ Հայաստանի խորհրդարանը Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ընդունի։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն առարկություններ ունի ընդդիմադիրների ներկայացրած նախագծի, մասնավորապես, այն ձեւակերպման վերաբերյալ, թե Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իշխող ուժն ըստ այդմ՝ սեփական նախագիծն է շրջանառության մեջ դրել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ