Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմեց արցախցիներին: «Արդեն 48 ժամից ավելի է, որ շարունակվում է նույն վիճակը: Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ձեր հետ եմ, որովհետեւ իսկապես տեսնում եմ համախոհություն, խուճապ չկա, մարդիկ պատրաստ են պայքարելու եւ դա ինձ ոգեւորում է: Ես կասկած չունեի, եւ հիմա ավելի քան վստահ եմ, որ մենք հաղթելու ենք»,-ասաց Արցախի պետնախարարը: Հավելեց, որ ցանկություն ունի ամեն առավոտ արցախցիների հետ շփվել ոչ միայն այս, այլեւ տարբեր ձեւաչափերով, որպեսզի նրանք հստակ տեղեկատվություն ստանան իրենից, այլ ոչ թե տարբեր ասեկոսեների հետեւեն:
«Այս իրավիճակում մեր թշնամին օգտագործում է տարբեր մեթոդներ, որպեսզի տարածի կեղծ տեղեկատվություն եւ խուճապ տարածի»,-ընդգծեց նա:
Ապա թվարկեց բոլոր կարեւոր խնդիրները. «Առաջին խնդիրը կապված է վառելիքի հետ: Մենք չգիտենք, թե դեռ ինչքան կարող է տեւել այս շրջափակումը, դրա համար անցել ենք խնայողության ռեժիմի բոլորի, հատկապես կառավարության եւ պետական մարմինների համար: Հատուկ ռեժիմը գործում է միայն հատուկ ծառայությունների համար՝ շտապ օգնություն, տրանսպորտ եւ այլն: Խնայողության ռեժիմը վերաբերվում է անխտիր բոլոր պաշտոնյաներին, եւ չկա մեկը, որը առավելություն ունենա: Ամեն ինչ թափանցիկ է լինելու, եւ դուք անպայման իմանաք ամեն բան, ինչ տեղի է ունենում այս իրավիճակում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Նշեց, որ երկրորդ հարցը վերաբերվում է այն մարդկանց, որոնք ադրբեջանական շրջափակման պատճառով չեն կարողացել հասնել Արցախ, եւ նրանց թվում երեխաներ կան: Ասաց, որ երեխաների համար արվում է ամեն ինչ, որպեսզի նրանց համար ապահովվեն լավ պայմաններ, անգամ էքսկուրսիաներ կազմակերպվեն: Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, եւ բոլոր այն մարդկանց՝ Երեւանում, որոնք օգնում են արցախցիներին տարբեր հարցերով:
Կարդացեք նաև
«Մենք աշխատում ենք՝ հասկանալով, որ չպետք է ընկրկենք, մենք պատրաստ ենք նորմալ բանակցությունների, եթե դրանք ընդունելի լինեն բոլոր կողմերի համար, նաեւ հրաշալի հասկանում ենք ռուս խաղաղապահների առաջ ծառացած խնդիրները»,-ասաց Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ նրանք կոչված են ապահովելու արցախցիների անվտանգությունը եւ ապահով երթեւեկը այդ ճանապարհով: «Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ լարված իրավիճակ է, հնարավոր են սադրանքներ»,-ասաց նա ու կոչ արեց սադրանքների չտրվել, ոչ մի ասեկոսեի ականջալուր չլինել:
«Արցախցիները զուսպ են, ապրում եւ աշխատում են նորմալ ռեժիմով, մենք կանենք ամեն ինչ, որ իրավիճակը հանգուցալուծվի մեր օգտին»,-ասաց Արցախի Հանրապետության պետնախարարը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ