Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական դաշնակիցների հստակեցումը թույլ կտա մեզ ճեղքելու քաղաքական մեկուսացումը․ «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 14,2022 11:10

Որքան էլ իրավիճակն օրհասական լինի, հայկական կողմը կարող է էական փոփոխություն մտցնել ձեւավորվող ստատուս-քվոյում։ Դրա համար անհրաժեշտ է մեկ անգամ եւս արձանագրել բնական դաշնակիցների ցանկն ու հարաբերություններ զարգացնել թուրք-ադրբեջանական ճնշումներին դիմակայելու նպատակով։

Մի իրողություն է, երբ դաշնակիցների կամ բնական դաշնակիցների մասին բարձրաձայնում ենք մենք ինքներս, եւ բոլորովին այլ բան է, երբ մեզ որպես դաշնակից են ընդունում այլ ազգեր, իսկ այդպիսիք քիչ չեն եւ կարող են բավարար ներուժ ապահովել ներկա իրողությունների վրա ազդեցություն ունենալու համար։

Օրեր առաջ «Red Lantern Analytica» միջազգային հարցերի դիտորդական խումբը Եվրոպական եւ ամերիկյան հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի (RIEAS) եւ «Network State»-ի հետ համատեղ անցկացրել էր «Հնդկահունական-հայկական ռազմավարական համագործակցությունը խալիֆայության նախագծերի դեմ պայքարի համար» վեբինարը, որում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի՝ «Երեք եղբայրների առանցքին» եւ դրանից բխող սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարությունը։

«Greekcitytimes» պորտալի խմբագիր Փոլ Անտոնոպուլոսի խոսքով՝ աշխարհը մուտք է գործել վտանգավոր ժամանակաշրջան, որտեղ համաշխարհային համակարգը փոխվում է մի քանի մեծ տերությունների ի հայտ գալով։ Նոր համակարգի ձեւավորմամբ ոգեւորված են հատկապես Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը, որոնք առաջ են մղում իրենց շահերն ու օրակարգը։ Խալիֆայության նախագծերին ավելի արդյունավետ հակազդելու համար Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն առաջարկում է ստեղծել հին քաղաքակրթությունների խորհուրդ՝ ընդգծելով, որ Հայաստանը, Հունաստանն ու Հնդկաստանն ունեն մեկ ընդհանուր բան, այն է՝ նրանցից յուրաքանչյուրը հնագույն քաղաքակրթություն է, եւ փոխազդեցության մեջ են եղել միմյանց հետ։

«Network State»-ի հիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահրամ Այվազյանն էլ առաջնահերթ է համարում այդ փոխհամագործակցության ինստիտուցիոնալացումը: Նկատենք, որ ահաբեկչական պետություններ, հասարակություններ եւ ինքնություն ներկայացնող Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքը վտանգում է ամբողջ եվրասիական տարածաշրջանի անվտանգային համակարգը, հետեւաբար, դրան կարող է հակազդել միայն համամարդկային արարչական արժեհամակարգերի վրա հիմնված առանցքների ձեւավորումը։

Թեեւ դրանց գերառաջնային նշանակության մասին խոսվում է դեռեւս հանրային, փորձագիտական մակարդակներում, սակայն հստակ հանրային պահանջի ձեւավորումը կարող է օրակարգ թելադրել նաեւ պետությունների արտաքին քաղաքականությունը մշակողների եւ իրականացնողների համար։ Որպես հնագույն եւ կենսունակ քաղաքակրթություններ՝ Հայաստանը, Հունաստանն ու Հնդկաստանը լավագույնս կարող են հանդես գալ ահաբեկչական առանցքին հակազդողի դերում։

Իհարկե, խնդիրը պետք է դրվի ոչ թե մշտապես հակազդողի, այլ պրոակտիվ լինելու եւ սեփական օրակարգը թելադրողի դիրքերից։ Այդ առումով մեծ դերակատարություն կարող են ստանձնել նաեւ երեք երկրների սփյուռքները։ Ի դեպ, սփյուռքի գործոնին անդրադարձ եղավ վերջերս Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Հնդկաստան. Հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» առաջին միջազգային գիտաժողովի շրջանակներում։ Ի վերջո, բնական դաշնակիցների հստակեցումն առաջին հերթին թույլ կտա մեզ ճեղքելու քաղաքական մեկուսացումը, որում հայտնվել ենք արցախյան երկրորդ պատերազմի պատճառով, ինչն էլ, իր հերթին, նոր հնարավորություններ կբացի այլ հարթություններում եւս համագործակցելու համար։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031