Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն արդեն ստիպված է դիվանագիտության էթիկայի նորմերն անտեսելով՝ խոսել Բաքվի հակառուսական քայլերին հակազդելու մասին. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 14,2022 10:54

Բերձորի միջանցքով Արցախի անխափան կապն արտաքին աշխարհի հետ ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նույն փաստաթղթում ամրագրված են միջանցքի աշխարհագրական նկարագրությունը եւ այն, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն է ապահովելու նրանով երթեւեկող անձանց անվտանգությունն ու կապի անխափանությունը:

Ադրբեջանի ռազմական կառույցների եւ հատուկ ծառայությունների՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները տեւական ժամանակ փակել են Բերձորի միջանցքը՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետության 130 հազար քաղաքացիներին: Այն, որ այդ գործողությունները Բաքվում նախապես պլանավորված եւ մշակված համալիր քայլեր էին, վկայում է այն փաստը, որ նույն օրը շրջափակված Արցախի բնակիչների շրջանում սոցիալական ցանցերով ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձեցին տեղեկատվություն տարածել, թե, իբր, Արցախի քաղաքացիներին տեղի իշխանությունները պատրաստվում են տարհանել:

Բաքվի այս գործողություններում էականն այն չէ, որ անհաջող փորձ է արվում խուճապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում, այլ այն, որ դա ուղիղ հարված է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ նպատակ ունենալով հարցականի տակ դնել նրա առաքելության իրականացման արդյունավետությունը: Բնապահպանական կեղծ հիմնավորումների քողի տակ պաշտոնական Բաքուն փաստացի խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ արժեզրկելով իր «ռազմավարական դաշնակից» ՌԴ-ի խաղաղապահ առաքելությունը:

Ադրբեջանի այս գործողությունների համատեքստը լավ են տեսնում նաեւ ՌԴ-ում, որտեղից արդեն ոչ միայն փորձագիտական, այլեւ դիվանագիտական շրջանակներից ավելի կտրուկ գործելու հորդորներ են ուղղվում ՌԴ խաղաղապահ զորախմբին: ՌԴ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանի այդ գործողությունները հերթական հետախուզական քայլերն են Ռուսաստանի արձագանքի ստուգման ուղղությամբ: Նա Ադրբեջանին հորդորել է այդ հարցում Ռուսաստանից մեծ զիջումներ չսպասել: «Ադրբեջանցի էկոակտիվիստներին եւ զինվորականներին տարածաշրջան թողնելն ուղղակի անիրատեսական է: Հիմա հարցն այն է, որ Ռուսաստանի արձագանքը պետք է բավականաչափ համարժեք լինի, որպեսզի Ադրբեջանն այլեւս ցանկություն չունենա ստուգելու այդ արձագանքը»,- հայտարարել է Ալ. Սկակովը։

Այսպիսով՝ ՌԴ-ն արդեն ստիպված է դիվանագիտության էթիկայի նորմերն անտեսելով՝ խոսել Բաքվի հակառուսական քայլերին հակազդելու մասին, քանի որ դրանք աննախադեպ ծավալների են հասել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031