Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Պետդումայի պատգամավոր․ Հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները, որոնք ջանքեր են գործադրում հիմա, կշտկեն իրավիճակը․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 14,2022 10:18

Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախ-Հայաստան ճանապարհը, որը, Զոհրաբ Մնացականյանի բնորոշմամբ, էկզիստենցիալ վտանգ է ԼՂՀ-ի համար։

Հիշեցնենք․ դեկտեմբերի 12-ից ազերիները մի խումբ բնապահպանների անվան տակ վրաններ են խփել Շուշիի մոտ՝ փակելով Լաչինի միջանցքով երթեւեկությունը։ Տեղեկություն տարածվեց, որ «բնապահպանների» թվում կան զինվորականներ։ Թեեւ Արցախի իշխանությունները բանակցում են ռուս խաղաղապահների հետ, կարելի է արձանագրել, որ եռակողմ համաձայնագրերը չեն աշխատում, իսկ Արցախի պաշտոնյաների, ՀՀ ԱԳՆ հայտարարություններն օդի տատանում են` ոչինչ չփոխող։ Իսկ ռուս խաղաղապահները կա՛մ անզոր են, կա՛մ` ադրբեջանցիների հետ գործարքի մեջ:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։

– Կոնստանտին Ֆյոդորովիչ, գիտեք, երեւի, Շուշիի մոտակայքում տեղավորված ադրբեջանցի «բնապահպանների» մասին։ Ստացվում է՝ ազերիներն ուր որ մտնում են, էլ դուրս գալ չկա՞։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։ 

– Իհարկե, գիտեմ։ Անկասկած, դա բեմականացում է՝ բնապահպանների այդ միջադեպը, եւ այդ ձեւով Ադրբեջանը փորձում է իր հետաքրքրություններն առաջ հրել։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի ախորժակը բացվում է ուտելիս։ Ոչ միայն նրանը, բայց նրանը՝ հատկապես։ Իհարկե, նա հիմա ճնշում է գործադրում Ղարաբաղի եւ Հայաստանի վրա՝ միակողմանի արտոնությունների հասնելու համար։ Գաղտնիք բացեմ․ հունիսին ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ տեսել եմ Հայաստանը Ղարաբաղին կապող նոր մայրուղու շինարարությունը, որը, ըստ էության, պետք է փոխարինի Լաչինով անցնող ճանապարհին։ Որքան ես գիտեմ, այն շատ ավելի բարդ է, եւ որքան գիտեմ, դրա շահագործման հետ կապված ամեն ինչ նորմալ չէ։ Գուցե ես սխալվում եմ, բայց դրան ականատես եմ եղել։ Ադրբեջանը կորցնում է համբերությունը եւ ուզում է հնարավորինս շուտ իր ձեռքը վերցնել Լաչինի ողջ մայրուղին, ինչպես նաեւ Լաչինի շրջանը, որը նա ստացել է 20 թվականի պայմանավորվածություններով։ Այն, ինչ Ադրբեջանն անում է, կոպիտ կամայականություն է, եւ ես հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները, որոնք, որքան գիտեմ, ջանքեր են գործադրում հիմա, կշտկեն իրավիճակը։

– 2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերով՝ կողմերն անխափան կապ են ամրագրել ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ՝ ուժի կիրառման բացառում։ Ստացվում է, որ համաձայնագրերը չե՞ն «աշխատում»։ 

– Իհարկե, ռուս խաղաղապահները չեն ուզում բանը հասցնել կրակոցների եւ զինված կոնֆլիկտի՝ դա ցանկալի չէ, որովհետեւ դա կունենար մեծ նեգատիվ հետեւանքներ, բայց, միեւնույն ժամանակ, նրանք չեն փոխում իրենց սկզբունքային դիրքորոշումն ինչ-որ համակերպվողականության։ Խաղաղապահների առաջ, որքան որ ինձ է հայտնի, խնդիր է դրված՝ ապահովել ԼՂ-ն Հայաստանին կապող մայրուղու գործարկումը։ Նրանք կհասնեն դրան, իսկ ես նրանց մաղթում եմ հաջողություն եւ պատրաստ եմ, որպես Պետդումայի պատգամավոր, աջակցել նրանց այդ հարցում` իմ ուժերի չափով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031