Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին․ Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալ

Դեկտեմբեր 14,2022 10:15

«Ամերիկայի ձայն»․ Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ պաշտոնյաներն անհանգստացած են ստեղծված կացությամբ և ցանկանում են պահպանել բանակցային գործընթացը: Ըստ վերլուծաբանի՝ վերջին շրջանի ԵՄ միջնորդությամբ բանակցությունները որոշակի առաջընթաց արձանագրեցին, որի արդյունքում կողմերը հնչեցրեցին հայտարարություններ խաղաղ պայմանագրի մասին: Սակայն որևէ համաձայնություն չկա Ղարաբաղի հայության ապագայի վերաբերյալ, նշում է վերլուծաբանը՝ շեշտելով՝ «Ադրբեջանը, որն այսօր դոմինանտ դիրքում է, ցույց է տվել, որ ուժ կկիրառի՝ զիջումներին հասնելու համար»:

Դե Վաալի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, այլ ոչ թե նոր պատերազմ սկսել, սակայն հայկական կողմը չի կարող գնալ այն զիջումներին, որոնք նա ցանկանում է տեսնել: Մեծ վտանգ կա, որ կանգնած ենք ռազմական նոր լուրջ ընդհարման բռնկման շեմին, զգուշացնում է դե Վաալը։

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ձախողման արդյունք է:

«Ավելի լայն տեսանկյունից դա երկկողմ շարունակական շփումների ձախողման արդյունք է, որոնք հուսով էինք, որ այս աշնան սկզբին որոշակի արդյունքներ կսկսեին տալ»,- պնդում է նա:

Կազլյարիչի կարծիքով՝ Ռուսաստանը, որն այսօր ներխուժել է Ուկրաինա, ի վիճակի չէ չեզոք խաղաղապահ գործունեություն ծավալել: Արդյունավետ խաղաղապահ գործունեության համար, ըստ նախկին դեսպանի, բավարար չէ նաև այստեղ առկա զորամիավորման թվաքանակը:

«Ես չեմ տեսնում, թե ինչպես է հնարավոր միայն ռուսական խաղաղապահների ուժերի միջոցով անել այն ամենը, ինչը կբավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- նշում է Կազլյարիչը:

Նախկին դեսպանի պնդմամբ՝ այսօր Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալի չափով թուլացած են, իսկ վարկանիշը՝ ցածր՝ կապված այն ամենի հետ, ինչը Մոսկվան անում է Ուկրաինայում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության պահպանումը, որը Մոսկվան կարող է վերահսկել, Ռուսաստանի միակ շահն է: Կարծում եմ՝ ռուսական կողմը հետաքրքրված չէ կայունությամբ՝ խաղաղություն հաստատելու իմաստով։ Նրանց շահն է զերծ պահել կողմերին առճակատման վերսկսումից, որքան հնարավոր է»,- ընդգծում է Կազլյարիչը:

Թոմաս դե Վաալն էլ գտնում է, որ խնդիրը նրանում է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի իրականացման հիմնական բեռը շարունակում է մնալ Մոսկվայի ուսերին այն դեպքում, երբ այն չի կարողանում հաջողությամբ իրականացնել այն, ուկրաինական պատերազմի պատճառով: «Ռուսաստանի նկատմամբ վստահությունը մեծ չէ Հայաստանում կամ Ադրբեջանում, և զրոյական է միջազգային հանրության շրջանում», գրում է դե Վաալը թվիթերյան իր գրառման մեջ՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահները չունեն որևէ համաձայնեցված մանդատ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Դրա հետ մեկտեղ, ըստ վերլուծաբանի, ԼՂ հայության համար ռուս խաղաղապահները դիտարկվում են «որպես իրենց գլխավոր պաշտպան», որն է՛լ ավելի է մեծացնում նրանց նկատմամբ անվստահությունը Բաքվի կողմից, նկատում է դե Վաալը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031