Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքում այս սադրանքի նպատակներից մեկը ռուս խաղաղապահների հեղինակազրկումն է». Ռուբեն Վարդանյան

Դեկտեմբեր 14,2022 00:03

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Բոլորդ տեղյակ եք ստեղծված բարդ իրավիճակի մասին: 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանը արգելափակել է դեպի Արցախ մատակարարվող գազը:

Ավելի քան 120 000 արցախցիների կյանքը, որից 30 հազարը երեխաներ են, կրկին վտանգված է։ Արցախը հումանիտար ճգնաժամի շեմին է։ Բայց Արցախը կոտրել անհնար է։

Ադրբեջանը չի թաքցնում, որ իր վերջնական նպատակն Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի և արցախահայության անվտանգությունն ու գոյությունը չի կարող որևէ ձևով երաշխավորվել Ադրբեջանի կազմում։ Բաքուն միայն սպառնում է նոր ագրեսիայով և 2020 թվականի պատերազմը շարունակելու պատրվակ է փնտրում։

Երեկվանից փաստացի արդեն երկու օր է՝ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչպես Լենինգրադը՝ 1941 թվականի ձմռանը։ Այս ծայրահեղ իրադրության մեջ ամենակարևորը մեր զգոնությունն է, կարգապահությունը, կազմակերպվածությունը․ մենք խուճապային տրամադրությունների մեջ հայտնվելու իրավունք չունենք: Երբեք չհավատաք ապատեղեկատվությանը, որը թշնամին տարածում է՝ արցախցիների դիմադրության ոգին կոտրելու համար։ Երբեք չտրվեք բամբասանքներին և խուճապային տրամադրություններին։

Վստահեցնում եմ, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար:

Արցախի իշխանությունները, պատասխանատու կառույցները մշտապես կապի մեջ են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Կառավարությունում իմ ղեկավարությամբ 24-ժամյա ռեժիմով գործում է օպերատիվ շտաբ: Մենք ունենք վառելիքի, սննդի բավարար պաշարներ։ Դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս այս պահին չկա։

Մենք անում ենք ամեն ինչ՝ բացառելու հումանիտար ճգնաժամը և իրավիճակի զարգացումների, ծագող խնդիրների մասին ձեզ օպերատիվ տեղեկատվություն ենք տրամադրելու: Արցախի օպերատիվ շտաբը պարբերաբար տեղեկացնելու է իրավիճակի զարգացման մասին։

Դիմում եմ մեր միջազգային գործընկերներին. մենք ձեր հստակ աջակցության կարիքն ունենք՝ հումանիտար աղետը կանխելու համար: Ադրբեջանի այս գործողությունները ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, այլև ուղղակի ահաբեկչություն են Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Միջազգային հանրությունը պետք է վճռորոշ կերպով դատապարտի Ադրբեջանի կողմից բոլոր միջազգային պարտավորությունների խախտումը։

Լաչինի միջանցքում այս սադրանքի նպատակներից մեկը ռուս խաղաղապահների հեղինակազրկումն է։ Ադրբեջանն ամեն ինչ անում է վաղաժամ դադարեցնելու համար ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը, որը կոչված է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Անհրաժեշտ եմ համարում խաղաղապահ զորակազմի ընդլայնումը և մանդատի երկարաձգումը։ Բայց, իհարկե, առաջին հերթին, մենք պետք է հույսներս դնենք միայն մեզ վրա։ Ադրբեջանի նպատակը մեզ ճնշելը, թուլացնելն ու հուսալքելն է: Նրանք պետք է հասկանան՝ հնարավոր չէ կոտրել մեր ոգին, քանի որ սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մենք այստեղից չենք հեռանալու։

Վստահ եմ ՝ այս փորձությունները մեզ ավելի ուժեղ են դարձնելու։ Միավորվելով վտանգի դեմ՝ մենք կկարողանանք պաշտպանել Արցախի՝ ազատության և ինքնորոշման իրավունքը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031