Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապային գրոհ․ ինչ անել նյարդերը հանգստացնելու համար

Դեկտեմբեր 14,2022 09:31

Սթրեսային մեր օրերում տագնապի, վախի, անհանգստության զգացումները դարձել են մեր կյանքի անբաժան ուղեկիցները, որոնք երբեմն էլ դրսևորվում են խուճապային գրոհների տեսքով՝ մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով հոգեկան առողջության վրա։

Խուճապային գրոհ են անվանում ուժեղ, անկառավարելի վախի հանկարծակի բռնկումը, որն ուղեկցվում է մի շարք վեգետատիվ ախտանշաններով։ Միջինում այդ վիճակը կարող է տևել 10-15 րոպե, երբեմն` մեկ ժամից ավելի։ Ախտանշաններն առավելապես արտահայտված են լինում խուճապային գրոհի առաջին րոպեներին՝ քիչ-քիչ մարելով։ Դրանք սովորաբար վնաս չեն հասցնում ֆիզիկական առողջությանը, սակայն, ինչպես նշվեց վերևում, վնասում են հոգեկան առողջությանը։ Տագնապային գրոհների դրսևորումներից կախված՝ կարող է օգնել նյարդաբանը, հոգեբանը, երբեմն էլ՝ հոգեբույժը։

Լոնդոնաբնակ գրող, սցենարիստ Իմոջին Դալլն իր «Այրումից մինչև հավասարակշռություն. ինչպես հանգստացնել նյարդերը, ձերբազատվել սթրեսից ու լիցքավորվել» գրքում անդրադառնում է խուճապային գրոհներին և դրանք հաղթահարելու ուղիներին՝ ընթերցողի հետ կիսվելով սեփական փորձով։

Որոնք են խուճապային գրոհի ախտանշանները

  • սրտխփոց,
  • մարմնում տաքության կամ սառնության զգացողություն,
  • զնգոց ականջներում,
  • սարսափ, վախ մահից,
  • ուժեղ քրտնարտադրություն,
  • դող,
  • սրտխառնոց,
  • շնչահեղձության զգացում,
  • տհաճ զգացողություններ որովայնում,
  • ցավ կրծքավանդակի շրջանում,
  • գլխապտույտ,
  • դժվարաշնչություն,
  • վերջույթների թմրածություն կան ծակծկոց,
  • չորություն բերանում,
  • իրականության զգացողության կորուստ և այլն։

Ինչ անել խուճապային գրոհի ժամանակ

Հիշեք, որ դա մահացու չէ․ որքան էլ կարող է թվալ, թե դուք անհուսալի վիճակում եք և մահվան շեմին եք կանգնած, իրականությունն այդպիսին չէ․ այն, ինչ կատարվում է ձեզ հետ, կանցնի մի քանի րոպեից, և դուք ձեզ ավելի լավ կզգաք։

Փորձեք դրական նոտաներ գտնել. ասեք ինքներդ ձեզ, որ ամեն ինչ լավ կլինի, 20-30 րոպեից դուք կհաղթահարեք այդ վիճակը։

Շնչառական վարժություններ կատարեք․ որքան հնարավոր է դանդաղ և խորը շնչեք՝ քթով շնչելով ու բերանով արտաշնչելով։

Մտածեք իրականության մասին. կա երկու եղանակ․ առաջինը՝ փակեք աչքերը ու կենտրոնացեք ձեր մարմնի մասերի վրա։ Սկզբից թուլացրեք ոտքերի մատները, այնուհետև թաթերը և մտովի բարձրացեք վերև՝ մինչև գլուխը։ Երկրորդ եղանակն անվանում են « 5–4–3–2–1»-ի մեթոդ․ այն թույլ է տալիս կենտրոնանալ շրջակա աշխարհի վրա։ Նկատեք 5 առարկա, որը տեսնում եք, 4 առարկա, որը կարող եք ձեռք տալ, 3 ձայն, 2 բույր և 1 համ։

Հանգստացնող բույրեր շնչեք․ կան բույրեր, որոնք հանգստացնող ազդեցություն են գործում՝ օգնելով կենտրոնանալ խորը շնչառության վրա։ Օրինակ՝ հազրեվարդի և անանուխի բույրը շատ լավ օգնում է հանգստանալ ու թուլանալ։

Գրոհից հետո մի փոքր ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ՝ սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։ Բուրավետ թեյ պատրաստեք կամ լոգանք ընդունեք, փորձեք զբոսնել կամ զբաղվել ձեր սիրելի գործով։

Թուլացրեք մարմնի լարված մասերը․ փորձեք պարզել, թե մարմնի հատկապես որ մասում է կուտակվում սթրեսն ու լարվածությունը։ Ավելի հաճախ սթրեսային իրավիճակներում մենք լարում ենք ճակատի, պարանոցի, ուսերի, որովայնի, ձեռքերի ու ոտքերի մկանները։ Փորձեք կանոնավոր կերպող ձգող վարժություններ կատարել՝ զգալով, թե ինչպես է մարմինը հարստանում թթվածնով։ Որովայնային շնչառությունն օգնում է ուժեղացնել արյան հոսքը դեպի մկաններ և հանգստացնել նյարդային համակարգը։

Ուշադրություն դարձրեք կորտիզոլի մակարդակին․ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն տրամադրության վրա։ Բանն այն է, որ շաքարը խթանում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտազատումը։ Փորձեք վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը՝ նվազեցնելով քաղցրեղենի, վերամշակված մթերքների օգտագործումը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031