Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ կառավարության նախկին անդամը ծանուցագիր էր ստացել ՊՈԱԿ-ի տնօրենից

Դեկտեմբեր 14,2022 14:30

«Առավոտի» տեղեկություններով, հանցագործության մասին հաղորդումով ոստիկանության բաժին էր դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հուշարձան» հրատարակչության խմբագիր, պատասխանատու քարտուղար Գարեգին Ղազարյանը:

Մեր այդ տեղեկությունը երեկ հաստատեց Գ. Ղազարյանը: Նա նոյեմբերի 28-ին բացատրություն էր տվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնական բաժնում: Տեղեկացնեմ, որ Ղազարյանը եղել է ԼՂՀ կառավարության նախկին անդամ, Պաշտպանության բանակի առաջին հրամանատարի նախկին տեղակալը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Ղազարյանը Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է, ՀՀ կառավարությանն առընթեր երբեմնի լեզվի տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի նախկին անդամ:
Զրուցակիցս տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ.Հարությունյանի կողմից այս տարվա օգոստոսի 21-ի թվագրությամբ ստացել է «Ծանուցում» հետեւյալ բովանդակությամբ. «Դուք տեղեկացվում եք, որ 2020 թվականի ապրիլի 09-ի Ձեզ հետ կնքված թիվ 273 աշխատանքային պայմանագրով սահմանված գործողության ժամկետը երկարացվելու է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նշված պայմանին սույն ծանուցումով Ձեզ տեղեկացնելու պարագայում Ձեր կողմից համաձայնություն չտալը (համապատասխան համաձայնագիր չստորագրելը) հիմք է Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից լուծարելու»: Տնօրենը Ղազարյանի հաստիքը նշել էր. «Հուշարձան» գիտական հանդեսում, որպես խմբագիր» ձեւակերպմամբ, ինչին Ղազարյանը «պատասխան ծանուցագրում» գրել էր. «Չէ թե «որպես», ինչպես չարահաճել ես պղծանոք աղճատել ծանուցմանդ սկզբում»:
Ըստ Ղազարյանի՝ «ենթադրյալ խախտման» համար դրանից հետո ենթարկվել է երեք պատժի՝ ապօրինի բացատրություն տալու, իր երկու օրվա աշխատավարձը «բռնապահվում» է, նոյեմբերի 10-ին ստանում է նկատողություն:
Զրուցակցիս տեղեկացմամբ, 11 ամսիների ընթացքում ինքը տնօրենի հետ հաղորդակցվել է միայն գրավոր: Իսկ թե որն է լինում նրա գործողությունները, ծանուցագիրը ստանալուց հետո, հայտնեց, որ նախ, գրավոր տնօրենին «պատասխան ծանուցում» է ուղարկում. «Ինձ հետին թվով միջնորդավորված (փաստացի 05.09.2022) անհայտ վերջնագրային հ.273/05 համաձայնագրի նախագծիդ (01. 09.2022) եւ վատ թաքցված ահադավիչ (շանտաժային) նենգաբնույթի ծանուցմանդ (21. 09.2022) կապակցությամբ» հայտնելով իր անհամաձայնությունը, զգուշացնում, որ քրեական գործ կհարուցի ինքնիրավչության հիմքով:
Գ. Ղազարյանը նախ դիմում է Կենտրոնի դատախազություն:
Չստանալով այնտեղից պատասխան, նոյեմբերի 21-ին դիմում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Նոյեմբերի 21-ին բացատրություն է տալիս ոստիկանությունում (Նազելի Իսունցի մոտ), դիմում ուղարկում ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանին, կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանին:
Դումանյանին ուղարկվում է 27 էջանոց նամակ, որից 11 էջը բուն դիմումն էր, մնացածը՝ առդիր նյութերը: Պատասխան չի ստանում: Պատասխան չի ստանում նաեւ Ն. Փաշինյանից, որին գրել էր. «Փայլուն գիտակցելով հանդերձ, որ անձամբ ոչ ուսումնասիրելու եք սույնը, ոչ պատասխան(ն) եք տալու, ոչ անգամ պատշաճ կարգով, ամբողջ ծավալով իրազեկվելու եք, էլի ստիպված եմ ապավինել Ձեր գործուն աջակցությանը՝ օրենքով չարգելված մյուս միջոցները զորաշարժելուց առաջ»: Այնուհանդերձ, նա խնդրում է ստեղծել հանձնաժողով ՊՈԱԿ-ում ծառայողական քննություն իրականացնելու նպատակով, «ընդսմին դրա կազմում չընդգրկելով այնպիսի պաշտոնատար անձանց կամ մասնագետների, որպիսիք սկզբունքորեն չեն կարող օբյեկտիվ լինել», ապահովել իր աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, երաշխավորելով առնվազն 2023 թվականին իր գործունեության շարունակումը ՊՈԱԿ-ում, կամ ընդհանրապես, ԿԳՄՍՆ համակարգում: Գ. Ղազարյանը կոչ էր արել բարեփոխել «համապատասխան ՊՈԱԿ-ների հանրային ծառայողների նկատմամբ բռնակիրառվող այն հիրավի վարչաճորտատիրական ընթացակարգերը, ըստ որոնց՝ թե տառի, թե ոգու, բարոյականության եւ իրավունքի ակնհայտ ու անպատիժ խախտումներով, նրանց պարբերաբար պարտադրվում են անողջամիտ սահմանափակ եւ զուտ հայեցողական ժամկետներով «երկարաձգվող» (2-4 ամիս) աշխատանքային համաձայնագրեր»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, բայց վարչապետի որոշում դեռեւս չկար:

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031