Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանի կողմից նման հապճեպությունը իրավական տեսանկյունից անհասկանալի ու անընդունելի է

Դեկտեմբեր 14,2022 14:00

ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գրիգորի Վարդանյան), քննության առնելով հայցվոր Ալվարդ Ղարիբյանի հայցը ընդդեմ պատասխանող Ս.Ղարիբյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, 18.03.2022 թ. թիվ ԵԴ/4942/02/20 որոշմամբ հայցը թողել էր առանց քննության: Դատարանի հիշյալ որոշումը հայցվորի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, դատարանը՝ 29.07.2022 թ. թիվ ԵԴ/4942/02/20 որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: Գտնում եմ, որ դատարանի որոշումը հիմնավորված չէր գործի փաստերով, ուստի այն բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահս, հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով նախատեսված կարգով ներկայացնելով կազմակերպության անդամ հանդիսացող հայցվորի՝ Ա. Ղարիբյանի շահերը, միաժամանակ ընթերցողին եւ իրավաբանական հանրույթին ուզում եմ ներկայացնել սույն գործով ուսումնասիրության արժանի եւ արդարադատության կայացման համար կարեւոր փաստերը, որոնք անտեսվել են ստորադաս դատարանի կողմից: 2020թ. փետրվարի 13-ին հայցվորի կողմից հայցադիմում էր ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ս. Ղարիբյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու եւ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դատարանի 2020թ. փետրվարի 27-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատական նիստերը տեղի են ունեցել 2020թ. մայիսի 12-ին, սեպտեմբերի 15-ին, դեկտեմբերի 8-ին, 2021թ. ապրիլի 6-ին, մայիսի 13-ին, մայիսի 27-ին, հուլիսի 9-ին, սեպտեմբերի 7-ին եւ 2022թ. մարտի 10-ին:

Դատարանը գտել էր, որ ներկայացված հայցը պետք է թողնել առանց քննության, հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին եւ չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, եւ պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Այս դեպքում դատարանն արձանագրել է, որ պատշաճ ծանուցված հայցվորը չի ներկայացել 2021թ. սեպտեմբերի 7-ին եւ 2022թ. մարտի 10-ին տեղի ունեցած երկու հաջորդական դատական նիստերին, չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, իսկ պատասխանողն էլ չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատարանը որոշել է թողնել առանց քննության, դատական ծախսերի հարցը համարել լուծված: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անդրադառնալով գործի քննությանը, նույնպես արձանագրել է, որ հայցվորը չի մասնակցել երկու հաջորդական դատական նիստերին, ուստի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի տառացի մեկնաբանության արդյունքում հայցը կարող է թողնվել առանց քննության: Փաստեմ, որ դատարանը սխալ արձանագրում է կատարել, արձանագրելով, որ հայցվորը չի ներկայացել 2021թ. սեպտեմբերի 7-ին եւ 2022թ. մարտի 10-ին տեղի ունեցած երկու հաջորդական դատական նիստերին:

Իրականում եղել է այլ պատկեր: Սեպտեմբերի 7-ին նշված ժամին հայցվորն իր ընտանիքի անդամների՝ ամուսնու եւ տղայի հետ ներկայացել է դատարան՝ մասնակցելու դատական նիստին։ Դատարանի առաջին հարկում նրանց հայտնել են, որ դատական կազմը այլ նստավայր տեղափոխվելու պատճառով դատական նիստ չի կայանալու։ Հայտնել են նաեւ, որ լրացուցիչ կտեղեկացնեն դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին: 2022 թվականի մարտի 10-ին, ժամը 10:00-ին դատական կազմի նոր նստավայր տեղափոխվելուց հետո հրավիրված դատական նիստին հայցվորը Արմավիրից ժամանել է Երեւան, փորձել է նշված ժամին ներկայանալ դատարան, սակայն խցանումների պատճառով մոտ 15 րոպե ուշացել է նիստից, այդ ժամանակ արդեն նիստն ավարտված է եղել: Դատարանի կողմից նման հապճեպությունը իրավական տեսանկյունից անհասկանալի ու անընդունելի է։ Անհասկանալի է, թե այս դատավորն արդարադատություն է իրականացնում, թե տառակերությամբ է զբաղված: Նույն դատական գործի քննության ընթացքում եղել է դեպք, երբ դատավոր Գրիգորի Վարդանյանը ցուցաբերել է տրամաբանորեն լրիվ անհասկանալի վարքագիծ: Արդեն իսկ սկսված դատական նիստը հետաձգել է այն բանից հետո, երբ հայցվորը՝ ի պատասխան դատարանի հարցին, պատասխանել է, որ՝ այո, հայցապահանջի ծավալը ուզում է ավելացնել։ Դատավորն այս պատասխանը լսելուց հետո անմիջապես հետաձգել է դատական նիստը, մինչեւ հայցվորը ավելացված հայցապահանջի համար պետական տուրքը կվճարի։

Այսպիսով, այս գործով հայցվորը վճարել է պետական տուրքերը, օրինավոր կերպով մասնակցել է բոլոր դատական նիստերին: Եղել են դեպքեր, երբ պատասխանողը եւ նրա ներկայացուցիչը դատական նիստին չեն ներկայացել։ Նույն գործի ընթացքում դատարանի կողմից եղել են գործի անհարգի ձգձգումներ եւ նիստերի հետաձգում, ժամանակի ոչ ռացիոնալ օգտագործում։ Նման փաստերի առկայության պայմաններում, խախտելով հայցվորի նյութական եւ դատավարական իրավունքները, դատարանը կայացրել է անհիմն որոշում, հայցը թողնելով առանց քննության։ Ավելի ստույգ հետեւություններ կանենք Վճռաբեկ դատարանի սույն գործով կայացվելիք որոշումից հետո: Մինչ այդ ասեմ, որ դատավորի նման վարքագիծը խիստ անհանգստացնող է այնքանով, որ արդարադատությունը թողած՝ այս մարդիկ այլ բաներով են զբաղված: Այսօր գործերի նման ընթացքը ՀՀ դատարաններում գերակշռող ու սպառնալից են դառնում, մարդիկ հիասթափվում են դատարանից ու իրավական համակարգից ընդհանրապես, անհարգալից վերաբերմունքի, ոչինչ չասող որոշումների եւ ձգձգվող գործերի պատճառով: Մինչդեռ որոշ դատավորներ փորձում են այսկերպ երեւալ արդարադատ եւ իրավունքը իմացող ու հարգող:

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031