Բաքուն Լաչինի միջանցքը փակելու իր նպատակի գործարկման համար «դաբրոն» ստացել է
Անցյալ շաբաթ Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում Պուտինը հարկ է համարել շեշտել, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առեւտրատնտեսական գործընկեր. «Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին – առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է»։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «փոխադարձ առեւտրաշրջանառության աճն իսկապես տպավորիչ է», եւ հույս է հայտնել Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ կհաջողվի պահպանել նկատվող դինամիկան։ Ապա, նա հավելել է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ, եւ ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը։ Ցավոք, վերջերս մենք նաեւ տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, եւ Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարեւոր հարցերը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ մոտ չորս ժամով փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե նրանք՝ «Բնապահպանության նախարարության փորձագետներ» են, որոնք գործուղվել են Արցախ՝ «հետաքննելու եւ վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետեւանքները»։ Բաքուն շարունակ պահանջում է, որ ռուսական կողմը պետք է իր մասնագետներին թույլ տա անարգել ելումուտ անել, քանի որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։ Միջադեպը հարթվել էր ռուս խաղաղապահների, Արցախի իշխանությունների հետ բանակցություններով, ադրբեջանցիները հեռացել էին, միաժամանակ ընդգծել, որ դեռ կվերադառնան։
Պուտինը գոնե հրապարակավ Փաշինյանի հնչեցրած մտահոգություններին չի արձագանքել: Պուտինն առհասարակ հանդիպման բաց հատվածում Ղարաբաղի թեմային հարկ էլ չի համարել անդրադառնալ, նա անընդհատ «կարեւորում» է Ռուսաստանի դերը՝ Հայաստանի տնտեսության համար:
Մինչդեռ Փաշինյանը նախօրեին կրկին շեշտել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, նշել է նա՝ ընդգծելով նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ «Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»,- ասել է Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով Լաչինի միջանցքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է, նշել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։
Թե ինչ պետք է անել ցեղասպանությունների կանխարգելման համար, Փաշինյանն ընդգծել է՝ պետք է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը, որակը՝ շեշտելով՝ դա պետք է սկսել, իր բնորոշմամբ, ամենապարզ բաներից՝ տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումից, կառավարումից եւ բացառումից հատկապես պաշտոնական մակարդակում. «Իսկապես մեր տարածաշրջանում նաեւ թշնամությունը պետք է կառավարվի, եւ դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»։ Այս համատեքստում նա նշել է, որ իրեն, այդ թվում՝ թուրք անվանողները թող իմանան՝ դրանով իրեն չեն վիրավորում, որովհետեւ ինքը դա վիրավորանք չի ընկալում։ «Եվ ընդհանրապես այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք եւ պետք է աշխատենք փոխել այս իրողությունները։ Պաշտոնական մակարդակում պետք է ասենք, որ չենք ուզում, որ որեւէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք, եւ սրանք ցեղասպանության կանխարգելման կարեւորագույն գործիքներ են», – նկատել է Փաշինյանը։
Այսպես, Բաքուն «դաբրո» է ստացել նոր սադրիչ գործողությունների համար: Ադրբեջանական կողմի գործողությունների համար որպես «արդարացման» շղարշ է ծառայում Բաքվի նոտան ուղղված Մոսկվային:
Պաշտոնական Բաքուն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով ռուսական կողմին ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր մոնիտորինգի համար, այս մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Նա հայտնել է, թե նոտայում ընդգծվում է «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության՝ ղարաբաղյան շրջանում իր գործունեության խստիվ պահպանության անհրաժեշտությունը»։
Լրատվամիջոցները հայտնում էին, որ Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները եւ հարակից համայնքների բնակիչները շաբաթ օրը ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերի տարածք, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն հանքավայրեր: «Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր», – նշել է տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների եւ հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է:
Արցախի ընդերքն ու բնապահպանական թեման պաշտոնական Բաքվի օրակարգում հայտնվելը, պարզ է, որ պատրվակ է եւ պաշտոնական Երեւանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու միջոց: Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակ պահելու հարցում Բաքուն կարող էր ցանկացած այլ առիթ էլ գտնել, բացի՝ «բնապահպանական ռիսկերը»:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «ակտիվիստները» ցույց էին անում ռուս խաղաղապահների դեմ՝ պահանջելով դադարեցնել «հայերի կողմից Արցախում իրականացվող բնապահպանական ահաբեկչությունը»։
Պարզ է մի բան, Բաքուն սկսել է գործարկել Լաչինի միջանցքը փակելու իր մտադրությունը՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իսկ թե ռուս խաղաղապահների մասնակցությամբ՝ ի՞նչ սցենարով դա կդրսեւորվի, ցույց կտա ժամանակը:
Այս պահին, գոնե, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը նման գործողությունների «դիմելու» հարցում ստացել է «դաբրո», եւ հետեւաբար, կարող ենք նաեւ արձանագրել, որ Բաքուն ու Մոսկվան դժգոհ են պաշտոնական Երեւանի պահվածքից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.12.2022