Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոն չեմ ակնկալում, ընդամենը ցանկություն ունեմ փորձս փոխանցել երիտասարդներին»

Դեկտեմբեր 14,2022 13:30

Սուրեն Շահիջանյանը օպերային երգչի կարիերան փոխարինել է դիրիժորությամբ

Օպերային երգիչ, դիրիժոր Սուրեն Շահիջանյանին, որը շուրջ 30 տարի ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, դասական երաժշտության սիրահարներին, առավել եւս՝ օպերասերներին, ներկայացնելու հարկ չկա։ Սա այն դեպքն է, երբ արվեստագետը իսկապես առավելագույնս համատեղել է բեմելները արտերկրում եւ Հայաստանում։ Այս օրերին նա կրկին Երեւանում է եւ սկսել է դեկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Վիեննա- գալլա» խորագրով կայանալիք ամանորյա համերգի փորձերը Հայաստանի ազգային ֆիլֆարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)։

Թեեւ սկզբում նշեցինք, որ Սուրեն Շահիջանյանին ներկայացնելու հարկ չկա, այնուամենայնիվ, հիշեցնենք մի քանի խոսուն դրվագ նրա կարիերայից. 1993-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անվանի պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարանում երեք տարի ուսանելուց, ավելին՝ վոկալ արվեստում հաջողություններ գրանցելուց հետո, երիտասարդ բասը հանկարծ որոշում է կայացնում ուսումը շարունակել Փարիզի կոնսերվատորիայում՝ ճանաչված մեցցո սոպրանո Ժան Բերյեի ղեկավարությամբ։ Հաջողությունը երկար սպասել չի տալիս. 1996թ. նրա անունը որպես դափնեկիր գրանցվում է Ֆրանսիայում առաջին անգամ անցկացվող, այսօր արդեն հեղինակավոր՝ Ելիզավետ թագուհու անվան մրցույթում։ Հայ երգչին միանգամից հրավիրում են Փարիզի օպերային թատրոն, որտեղ նա առաջին անգամ ներկայանում է Դեբյուսիի «Պելեաս եւ Մելիզանդա» օպերայում՝ Արկել թագավորի դերերգով։ Մինչ այդ՝ Փարիզի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, հայ երգիչը մարմնավորել էր դարձյալ թագավորի կերպար, այս անգամ Պրոկոֆեւի «Սերը առ երեք նարինջներ» օպերայում։ Երգչին նկատում են հեղինակավոր այլ թատրոններից եւս, այդ թվում՝ Հռոմի, Միլանի «Լա Սկալա» եւ այլն։ Միայն երեք տարի անընդմեջ մաեստրո Լորին Մաազելի հրավերով մասնակցում է Զալցբուրգի նշանավոր փառատոնային համերգներին։

Մեր դիտարկմամբ՝ հակիրճ ներկայացված այդ տարիների գործունեությանը զուգահեռ, երգիչը մշտապես ընդունել եւ իրականացրել է հայաստանյան հրավերները, հանդես եկել հիմնականում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի օպերային նախագծերում։ Նրան հանդիպել ենք Ռամֆիսի դերերգով՝ Վերդիի «Աիդա» օպերայում, «Ռիգոլետոյում»՝ Սպարաֆուչի, Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»՝ Դոն Բազիլիո, Չայկովսկու «Եվգենի Օնեգինում»՝ Իշխան Գրեմին եւ այլն։ Նույնիսկ մեկ անգամ էլ մաեստրո Թոփչյանը երգչին վստահել է բեմադրել «Սեւիլյան սափրիչը»։ Իհարկե, նրա կարիերան՝ որպես ռեժիսոր, սկսվեց եւ ավարտվեց դրանով, փոխարենը՝ վերջին տարիներին արվեստագետին ավելի շատ հանդիպում ենք որպես դիրիժոր։ Ժամանակին Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ Երեւանի օպերային թատրոնում եւ Շուշիում իրականացվեց Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան։ Արվեստագետը երբեք չի թաքցրել, որ դիրիժորական վահանակի առջեւ կանգնելու առաջին հնարավորությունն իրեն ընձեռել է մաեստրո Թոփչյանը։

«Որպես դիրիժոր տեխնիկապես կատարելագործվել եմ Փարիզի օպերայում, տարբեր դիրիժորների ղեկավարությամբ։ Կուզեի առանձնացնել պրոֆեսոր Պատրիկ Սամմերսին, որին այդ թատրոնը հաճախ էր հրավիրում վարպետության դասեր անցկացնելու։ Խորհուրդներով ինձ օգնել է Լորին Մաազելը նույնպես։ Իհարկե, չեմ դադարում իմ երախտագիտությունը հայտնել Թոփչյանին՝ վստահություն ներշնչելու համար, ավելին՝ նրան համարում եմ կնքահայրս դիրիժորական արվեստում»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց երգիչը։ Նա առաջին անգամ բարձրաձայնեց, որ շուրջ 15 տարի ղեկավարում է ֆրանսիական «Պենիշ-օպերա» երգչախումբը, որին ինքը սկզբում անդամագրվել է իբրեւ օպերային երգիչ։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իր ղեկավարությամբ անցկացված վոկալի վարպետության դասերին, շուրջ երկու տարի առաջ էլ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում Գլյուկի «Օրփեոս» օպերայի բեմադրությանը, որտեղ հանդես է եկել որպես բեմադրող դիրիժոր։ Մեր զրուցակցից առաջին անգամ տեղեկացանք, որ Ֆրանսիայի Մոնլյուսեն մարզի կոնսերվատորիայում 2010-ից գործող վոկալ ամբիոնի հիմնադիրն է, դասավանդել է ընդամենը 7 տարի, իսկ վերջին շրջանում երգիչների հետ պատրաստում է դերերգեր, ըստ էության ստանձնելով վոկալ քոուչի դեր։ Ասվածը կարծես հաստատեց մեզ հասած լուրը, թե Սուրեն Շահիջանյանը «փակել» է իր երգչական կարիերայի էջը, իրեն նվիրելով դիրիժորությանը։ Այս առիթով նա ընդամենն ասաց, որ չի ուզում խոսել դրա պատճառների մասին եւ այսուհետ հայրենիքում, եւ ոչ միայն, հանդես է գալու միայն դիրիժորի կարգավիճակում։ «Ֆիլհարմոնիկի հետ կայանալիք «Վիեննա- գալլա» նախագիծը աննկարագրելի մեծ պատասխանատվություն է պահանջում։ Որպես մեներգիչներ հրավիրել եմ սոպրանո Լուսինե Մակարյանին եւ Հովհաննես Անդրեասյանին»,- նշեց դիրիժորը։

Զրույցի ավարտին մեր դիտարկումը, թե արտասահմանում կարիերան ավարտած իր որոշ անվանի գործընկերներ վերադառնում են հայրենիք՝ պաշտոնի ակնկալիքով, Սուրեն Շահիջանյանը ընդհատեց, հավաստիացնելով. «Պաշտոն չեմ ակնկալում, ընդամենը ցանկություն ունեմ վոկոլիստի փորձս փոխանցել երիտասարդներին»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031