Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը՝ խնդիրների մասին
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը գործում է շուրջ 86 տարի։ Հիմնադրման տարուց ի վեր թատրոնը մի շարք խնդիրներ է ունեցել: 1951թ. թատրոնը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշումով լուծարվեց, եւ թատրոնի դերասանների մի մասը տեղափոխվեց Գորիսի թատրոն: 1958թ. Կապանի թատրոնը կրկին վերաբացվեց, կոչվեց Զանգեզուրի պետական միջշրջանային թատրոն: Այն նոր շունչ ու ոգի առավ, երբ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ (Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Արծրուն Մանուկյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Ալիկ Քոչարյան եւ այլք) եկան Կապան՝ լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի եւ գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի ու ռեժիսոր Լեւոն Մարտիրոսյանի ղեկավարած ստեղծագործական կոլեկտիվը: Թատրոնը տարեցտարի հարստացնում էր իր խաղացանկը նոր ու փայլուն ներկայացումներով: 1990-ական թվականներից հետո սկսված շուկայական հարաբերություններ, ապա պարտադրված պատերազմի պայմաններում անգամ թատրոնը կարողացավ դիմակայել իրեն հասած փորձություններին: Նա լծվեց գոյատեւման, ազգի ինքնահաստատման համար մղվող պայքարի գործին: Ելույթներով հանդես եկան զորամասերում, խրամատներում, առաջավոր գծում:
Պատերազմի ավարտից հետո թատրոնը կրկին լծվեց իր խաղաղ, ստեղծագործ աշխատանքին: Աշխատելով օտար հարկերի տակ՝ ստեղծեց ներկայացումներ, որոնք սիրով ընդունվեցին հանդիսատեսի կողմից, մասնակցեց փառատոների՝ արժանանալով մրցանակների: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը 1991 թվականից ղեկավարել է վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը։ 2020 թվականից տնօրենը Տիգրան Աթայանն է։
Զրուցելով պարոն Աթայանի հետ՝ ծանոթացանք մի շարք խնդիրների։ Նա նշեց, որ թատրոնի խնդիրները շղթայական են, իսկ կարեւոր խնդիրներից մեկը կադրայինն է, որն այս պահին չի լուծվում. «Այս պահի դրությամբ չունենք բավարար որակի կադրեր, սակայն փորձում ենք ամեն ինչ անել թատրոնի զարգացման համար։ Իհարկե, սիրված ու տաղանդավոր դերասաններ շատ ունենք, խոսքս այդ մասին չէ»: Տիգրան Աթայանի խոսքով. «Երիտասարդները ուսում ստանում են Երեւանում ու էլ քաղաք վերադառնալ չեն ցանկանում, մտածելով` Կապանում անելիք չունեն։ Մենք հիմա սկսել ենք այդ մարդկանց հեղափոխել, ինքս կարծում եմ, որ դա սխալ է, ի վերջո իրենք այս քաղաքի ծնունդ են, ինչ-որ չափով պարտավոր են այս քաղաքին, բայց երիտասարդներն այսօր որոշում են գնան սովորեն բժշկական համալսարան, մնան Երեւան, սովորեն թատերական համալսարան՝ մնան Երեւան, բոլորը գնացին, բա հետո…»: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս ստուդիա ունենալ. «Թատրոնը այս պահին հանդես է եկել առաջարկով, որպեսզի որոշակի կետեր կանոնադրության մեջ փոփոխության ենթարկվեն։ Դեռ նորություն չկա, որ թատրոնը կարողանա զբաղվել օժանդակ գործունեությամբ, եւ կարողանա նորմալ արտաբյուջե ձեւավորել՝ որոշակի ծախսեր ինքնուրույն հոգալու համար։ Խնդրին լուծում կտրվի միայն այն ժամանակ, երբ դրական պատասխան ստանանք»:
Կարդացեք նաև
Նա միաժամանակ փաստում է, որ Կապանում երիտասարդներին հնարավոր չէ տալ այնքան գիտելիք, որքան կարող են ստանալ Երեւանում. «Երեւանում նրանց հնարավորություններն ավելին են։ Դա կախված է նաեւ բնակչության թվից, եթե մեր թատրոն ամեն ներկայացման մտնում է 80-100 մարդ, Երեւանում այդ թիվը մի քանի անգամ ավելին է»։ Ամեն դեպքում, ըստ թատրոնի տնօրենի, խնդիրներից չպետք է վախենալ ու փախչել, պետք է ընթացք տալ այնքան, մինչեւ հնարավոր լինի հասնել արդյունքի։
Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2022