Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիտլերը, Լի Կուան Յուն եւ Մոբուտուն

Դեկտեմբեր 14,2022 15:00

Ինչ հետեւանքներ կունենան «կարծր ռեժիմ» ստեղծելու երազանքները

Միջազգային կյանքում անցած շաբաթ տեղի ունեցավ մի հետաքրքիր իրադարձություն, որը Հայաստանին անմիջականորեն չի առնչվում, բայց, եթե խորը մտածենք, շատ բան է ասում աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին: Խոսքը Գերմանիայում աջ հեղաշրջման փորձի մասին է (համենայնդեպս, այդպես են դեպքերը նկարագրում գերմանական իրավապահները): Նախորդ չորեքշաբթի օրն առավոտյան այդ երկրում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ՝ նախկին բարձրաստիճան զինվորականների եւ իրավապահների շրջանում, ձերբակալվածների թվում կային նաեւ գործարարներ ու մտավորականներ: Ենթադրվում է, որ «Կայսրության բյուրգերներ» անունը կրող կազմակերպությունը պետական հեղաշրջում էր պատրաստում: Այդ խմբի անդամներն ունեն ծայրահեղ աջ հայացքներ՝ նախեւառաջ, իհարկե, տառապում են հակասեմիտիզմով: Նրանք, պնդում են, որ առաջին համաշխարհային պատերազմը սանձազերծել են ամերիկացի բանկիրները, այժմ էլ Գերմանիան, ըստ այդ խռովարարների, օկուպացված է Միացյալ Նահանգների կողմից: Հեղաշրջման հեղինակները, որոնց ղեկավարում է ոմն արքայազն Ռոյս, պատրաստվում էին գրավել Ռայխստագը, ձերբակալել բոլոր պատգամավորներին, փոխել երկրի պետական կարգը, ստեղծել գերմանական նոր բանակ:

Ինչո՞ւ է այդ ամենը մեզ հետաքրքիր` անկախ նրանից, թե որքանով է այդ խումբը մարգինալ: Եթե ղեկավարվենք զուտ քաղաքագիտական տրամաբանությամբ, Հայաստանում ներկայիս օխլոկրատիային (ամբոխի իշխանությանը), ինչպես նաեւ պետական վերնախավի անիմաստ դեգերումներին, փոխարինելու է կարծր ազգայնական ռեժիմը, որի անհրաժեշտության մասին խոսվում է տարբեր հարթակներում: Միանգամից ասեմ, որ դրանից ոչ մի լավ բան չի ստացվի, բայց բացառված չէ, որ դա համաշխարհային միտում է: Թուլացած, ընդարմացած, զուտ գեդոնիստական ձգտումներ ունեցող հասարակություններին, ըստ այդ տրամաբանության, պետք է «տոկի տալ», որպեսզի դրանք փոխեն իրենց վեկտորը՝ դեպի զարգացում:

Վերջին մի քանի տասնամյակների իրադարձությունները, կարծես թե, փաստարկներ են տալիս նման ձեւով մտածողներին: Փաստարկը մոտավորապես հետւյալն է՝ «դժգո՞հ էիք Սադդամ Հուսեյնից կամ գնդապետ Քադդաֆիից, նրանց վարի տվեցիք՝ դրանից հետո ավելի լա՞վ եղավ: Ոչ, ավելի վատ եղավ՝ քաոս, ամենաթողություն, պետության կազմաքանդում: Բա ափսոս չէ՞ին բռնապետները»: Ի՞նչն է այստեղ սխալ: Իմ կարծիքով, բռնապետության ընդերքում որպես սաղմ՝ քաոսը չտեսնելը:

Արմատականությունը, ծայրահեղականությունը ի հայտ են գալիս որպես՝ բնական գործընթացները ճնշելու հետեւանք: Բռնապետությունը նախապատրաստում է քաոսը: Բայց նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ օխլոկրատիան նախապատրաստում է բռնապետությունը:
Այսoրվա իշխանությունից Հայաստանի ժողովրդական լայն զանգվածները, կարծես թե, ընդհանուր առմամբ, գոհ են՝ քշել են «նախկիններին», վերացրել են կոռուպցիան եւ այլն: Բայց ինչպես այս 30 տարվա ընթացքում, այնպես էլ այսօր այդ զանգվածների ներկայացուցիչները վերապահում են անում՝ «բայց վսյո ժե մեզ ուժեղ ղեկավար է պետք»: Իմ տարիքի մարդիկ դրան ավելացնում են՝ «Ստալինի նման»: Պարզ է, որ նրանք ոչ մի Ստալին չեն տեսել, նրանց ծնողներն ու պապերն են փոխանցել հայտնի միֆը. մեծ առաջնորդը գյուղատնտեսական երկիրը դարձրել է արդյունաբերական եւ հաղթել Հայրենական պատերազմում: (Երբ ասում ենք «միֆ», դա չի նշանակում 100 տոկոսով սուտ՝ դա այն պատումն է, որով դաստիարակվում էր մեր պապերի սերnւնդը):

Հետխորհրդային երկրներում «ավելի զարգացած» քաղաքացիների երազանքները վերաբերում են ոչ թե Ստալինին, այլ սկզբից Պինոչետին, իսկ այնուհետեւ՝ Լի Կուան Յուին: 1990-ականների սկզբին, երբ հայտնի դարձավ, որ Թետչերը եւ Ռեյգանը գովում էին Պինոչետին՝ վերջինիս անցկացրած տնտեսական ազատական բարեփոխումների համար, որոնք իրենց հերթին, մշակված էին այսպես կոչված «Չիկագոյի տնտեսական դպրոցում», շատերին թվաց, թե դա այն է, ինչ պետք է: Բայց ի վերջո որոշվեց, որ տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը, խոշտանգումը եւ արտաքսումը այն գինը չէ, որը պետք է վճարել բարեփոխումների համար: Այդպիսով շատերի կուռքը դարձավ Սինգապուրի նախկին վարչապետը, որի նշանաբանն էր (դարձյալ՝ ըստ մեզանում տարածված միֆի)՝ «նստեցրու քո երեք կոռումպացված բարեկամներին, եւ տնտեսությունն ինքն իրեն «կդզվի»:

Բայց նախ՝ Հայաստանի ոչ մի ղեկավար չի նստեցրել եւ չի նստեցնի իր բարեկամներին՝ եթե անգամ նման մտադրություն ունենա, ապա գլխի կընկնի, որ համապատասխան մենթալիտետ ունեցող ժողովուրդը դա չի հասկանա: Երկրորդ՝ բացի նստեցնելուց, անհրաժեշտ է, որ հաստատվի մերիտոկրատական ռեժիմ, այսինքն՝ արժանիների իշխանություն: Մասնավորապես, տնտեսական բլոկում անհրաժեշտ են շատ գրագետ մարդիկ, հզոր ուղեղներ, որոնք ունակ կլինեն ոչ ստանդարտ որոշումների: Վահան Քերոբյանի նման գործիչները դժվար թե համապատասխանեն այդ չափանիշներին: Եվ վերջապես, եթե պետության ղեկավարին տրվեն ազատությունները սահմանափակելու լայն իրավասություններ (ավելի լայն, քան այսօրվա Հայաստանում կամ Ռուսաստանում է), ապա որեւէ երաշխիք չկա, որ մենք կունենանք Լի Կուան Յու, ոչ թե, ասենք, Մոբուտու՝ Կոնգոյի նախկին ղեկավարը, որը, բառիս բուն իմաստով, իր երկրի հերն անիծել է:

Այնպես որ «կարծր ռեժիմներ» ստեղծելու համաշխարհային թրենդը, թեեւ հասկանալի է եւ մեծ մասամբ բացատրվում է ժողովրդավարական արժեքների մեջ հիասթափությամբ, իրականում ոչ հեռանկարային, փակուղային ճանապարհ է: Մյուս կողմից՝ ենթադրում եմ, որ մենք այս փուլն էլ պիտի անցնենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031