Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամը զանգով ասեց, որ ինքն է եղել վրաերթ անողը․ շտապօգնության մեքենայի հետեւից գնացել է հիվանդանոց»․ ուղեկցող շարասյան ղեկավար

Դեկտեմբեր 13,2022 23:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար,  մայոր Արամ  Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում այսօր հարցաքննվեց ՃՈ աշխատակից Արթուր Սահակյանը, որը դեպքի ժամանակ ուղեկցող շարասյան ղեկավարն է եղել։

«Ռադիոկապով հրաման են տվել, որ բոլոր խաչմերուկները փակենք եւ ապահովենք, շարժվել ենք խաչմերուկի ուղղությամբ։ Խաչմերուկում իմ տեղակալը, որն առաջից էր գնում, զեկուցել է, որ ապահովված է, բայց աջ մասում խոչընդոտ կա։ Մտնելով խաչմերուկ՝ ես տեսել եմ, որ աջ մասում շորեր էին, իրեր։ Մարմին չեմ տեսել։ Մի քիչ բարձրացա վերեւ,  նկատել եմ Նավասարդյանի վարած մեքենան եւ շարունակել եմ ճանապարհը՝ զեկուցելով, որ կարծես վրաերթ կա։ Համոզված չէի ինչ է եղել»,-պատմեց վկան։

Արթուր Սահակյանը հավելեց․ «Քիչ անց լսել եմ տեսուչի շփոթված ձայնը, որը ռադիոկապով շտապօգնություն էր կանչում։ Արամ Նավասարդյանը զանգեց եւ հայտնեց, որ ինքն է եղել վրաերթ կատարողը, ես էլ զեկուցել եմ անվտանգությանը եւ բարձրացել դեպի Դեմիրճյան փողոց։ Ընթացքում կապ եմ տվել ծառայության ավագ տեսուչին՝ հատուկ ուղեկցող վաշտի, կարգադրել շտապ մոտենալ դեպքի վայր եւ կազմակերպել շտապօգնության տեղափոխումը։ Առաջից գնացել է Նավասարդյանի մեքենան, հետո՝ իմ տեղակալի, հետո՝ իմ։ Իմ հետեւից անվտանգությունն է եկել։ Կապով լսել եմ, որ դեպքի վայրում մեր տեսուչին քաշքշում էին։ Ուղարկել էի՝ շտապօգությունը կազմակերպելու, դեպքի վայրը պահպանելու համար։ Քաղաքացիներին էին քաշքշում նրան»։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ բնակավայրերում սահմանված առավելագույն արագությունը որքա՞ն է։ Վկան պատասխանեց, որ առավելագույնը 100 կմ/ժամ է։ «Իմ իմանալով՝ Արամ Նավասարդյանը գնացել է դեպքի վայր։ Ասել է՝ «իջնում եմ ներքեւ»,-հայտնեց վկան։

Հանրային մեղադրող-Կա՞ իրավական արգելք՝ վրաերթի դեպքում շարասյան չկանգնելու վերաբերյալ։

Վկա Արթուր Սահակյան-Ես չգիտեմ։

Հանրային մեղադրող-Պե՞տք է կանգնել դժբախտ պատահարի դեպքում։

Վկա Արթուր Սահակյան-Եթե չի խոչընդոտում տրանսպորտային միջոցներին, պետք է կանգնի։

Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյան-կառավարության որոշման համաձայն՝ ռադիոկապը ձայնագրվում է։ Հնարավո՞ր է ձայնագրությունները ստանալ։

Վկա Արթուր Սահակյան-Ես իրավասու չեմ։

Րաֆֆի Ասլանյան-սահմանված է նաեւ, որ առավելագույն արագությունը բնակավայրերում 100կմ-ն է։ Այդ որոշումն ինչպե՞ս եք իրացնում, ի՞նչ փաստաթղթով։

Վկա-Ի՞նչ փաստաթուղթ։

Րաֆֆի Ասլանյան-Ռադիոկապով բոլորին հայտարարե՞լ եք, որ սահմանված արագությունն այսքան է։

Վկա Արթուր Սահակյան-Ոչ։

Րաֆֆի Ասլանյան-կարող է մեկը մտածում է, որ եթե վարչապետին է ուղեկցում, կարող է 200-ի տակ քշել։ Որտեղի՞ց իմանա, ո՞վ է ինստրուկտաժ անում դա։

Վկա Արթուր Ասլանյան-Տվյալ օրը մեր արագությունը եղել է 80: Կոնկրետ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպաններ-Ի՞նչ արագությամբ է ընթացել շարասյունը խաչմերուկին մոտենալիս։

Վկա-Մեր մեքենան, ինձ թվում է, մինչեւ 70:

Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպաններ-Հնարավո՞ր է այդ խաչմերուկը մինչեւ 110 կմ/ժամ արագությամբ երթեւեկել եւ անցնել։

Վկա-Միանշանակ՝ ոչ, մանավանդ ջիպով։

Մեղադրյալի պաշտպաններ-Ասում են՝ Արամ Նավասարդյանը փախել է դեպքի վայրից։ Ինքը հայտնե՞լ է ձեզ, որ ինքն է արել վրաերթ։

Վկա-Բնականաբար։ Զեկուցել եմ այդ մասին՝ իմ անմիջական պետին, ինչպես նաեւ անվտանգությանը։

Մեղադրյալների պաշտպաններ-Հետիոտները պարտավո՞ր են ենթարկվել կարգավորողի հրահանգներին։

Վկա-Միանշանակ։

Րաֆֆի Ասլանյան-ոստիկանի պատասխանելով չէ, որ պետք է եզրահանգումներ անել։ Պաշտպանական կողմն անընդհատ շահագրգիռ հարցեր է տալիս վկաներին։

Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյան-Որ ժամանակին իրավական գնահատական լիներ, աղմուկ չհանեին, ես հիմա  այդ հարցերը չէի տա։

Ռուբեն Բալոյան-Պարոն Նավասարդյանը դեպքի վայրից դիմե՞լ է փախուստի։

Վկա-Ոչ։

-Բա ի՞նչ է արել։

Վկա-Որքանով ինձ հայտնի է, մոտեցել է հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայի հետեւից։ Հետո տեղյակ չեմ եղել։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում հանրային մեղադրողը հրապարակեց Արամ Նավասարդյանի մեղադրանքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031