ՀՀ կառավարությունը 26 ապրիլի 2018 թվականի N 525-Ն որոշմամբ` փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման մեջ։ Արդյունքում` Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում ավելացվեց` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը։
Համաձայն ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականը պետք է ունենա հետևյալ որակավորման պահանջները՝
1) ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն պաշտոնի որակավորման պահանջները բավարարող և տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը:
Կարդացեք նաև
Նախ և առաջ նշեմ, որ հենց սկզբից ուսուցչի օգնականի ինստիտուտը մեզանում ներդրվեց առանց կարիքների ճիշտ գնահատման, նույնիսկ այսօր` պաշտոնի ներդրման օրվանից մոտ 6 (վեց) տարի անց, դժվար է գնահատել պաշտոնի ներդրման արդյունավետությունը` կրթական համակարգի որակի բարձրացման տեսակետից։
Ուսուցչի օգնականի պաշտոնի համար սահմանված կրթական ցենզը և աշխատանքի ընդունման կարգը ունի լրջագույն օրենսդրական բացեր, որը կոռուպցիոն մեխանիզմների կիրառման տեսակետից շատ արդյունավետ է։
Եթե օրինակ` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը լրացվում է մրցութային կարգով, ապա ուսուցչի օգնականի թափուր տեղը լրացվում է տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի նշանակմամբ, ինչը հայեցողական լիազորություն է և չափազանց խոցելի է օբյեկտիվության ինչպես նաև որակյալ կադր ընտրելու տեսակետից։
Այս ողջ տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել երբ մեկ ուսուցչի օգնականի թափուր տեղի համար դիմել են մեկից ավելի անձիք, որոնք իրենց կրթական ցենզով համապատասխանել են ուսուցչի օգնականի աշխատանքի ընդունման որակավորման պահանջներին, սակայն բոլոր դեպքերում որպես կանոն աշխատանքի են ընդունվում այն անձիք որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության աշխատակիցների կամ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Ամփոփում
Ուսուցչի օգնականի աշխատանքի ընդունման կարգը ունի լրջագույն օրենսդրական բացեր, որը կոռուպցիոն մեխանիզմների կիրառման տեսակետից շատ արդյունավետ է։
Լավագույն ապացույցը «ԽԾԲ»-ների հովանավորչությունն է՝ լիազոր մարմնի և դպրոցների տնօրենների կողմից, ուսուցիչների օգնականներին աշխատանքի ընդունելու ժամանակ:
ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարը պարտավոր է հստակ օրենսդրական կարգավորմամբ `փակել ուսուցչի օգնականի աշխատանքի ընդունման կարգում եղած օրենսդրական բացերը։
Վանո Կարապետյան