Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ՃՈ ուղեկցող վաշտի աշխատակից, դեպքի ժամանակ խաչմերուկում կարգավորում իրականացրած ոստիկան Արամ Բորսաբյանը։
Նա դատարանին հայտնեց՝ չի ցանկանում ցուցմունք տալ, որովհետեւ դա իր դեմ կարող է շրջվել։ Հանրային մեղադրողն, այնուամենայնիվ, խնդրեց պատմել դեպքի հանգամանքները։ Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանները նկատեցին՝ վկան հրաժարվում է ցուցմունք տալուց․ «Կա նրա հանդեպ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ արդարացման հիմքով»։ Ապա վկան որոշ հարցերի պատասխանեց, որովհետեւ դատավոր Կարեն Ֆարխոյանը գտավ, որ նա պետք է ոչ թե իրեն, այլ դեպքի հանգամանքներին վերաբերող հարցերին պատասխանի։
Հանրային մեղադրող-խաչմերուկում այլ շարժ եղե՞լ է։
Վկա Բորսաբյան-Ոչ, կանգնել է մեքենաների հոսքը, որպեսզի շարասյունն անցնի։
Կարդացեք նաև
Հանրային մեղադրող-Ո՞ր մասում է եղել վրաերթը։
Վկա Բորսաբյան-Լսել եմ, չեմ տեսել՝ շարասյունն անցնելուց հետո․․․
Հանրային մեղադրող-Առաջին մեքենան Արամ Նավասարդյա՞նն է վարել։
Վկա Բորսաբյան-Այո։
Հանրային մեղադրող-Նկատե՞լ եք, որ արագությունը դանդաղեցնի։
Վկա Բորսաբյան-Չեմ կարող ասել, չեմ նկատել։
Հանրային մեղադրող-Վարորդը վրաերթից խուսափելու ի՞նչ փորձեր է արել։
Վկա Բորսաբյան-Չեմ կարող ասել ոչ մի բան։
Հանրային մեղադրող-Արամ Նավասարդյանը դեպքի վայրում կանգնե՞լ է։
Վկա Բորսաբյան-Չեմ տեսել, խառը վիճակ էր, ժողովուրդը հավաքվել էր, քաշքշոց, հայհոյանք․․․
Հանրային մեղադրող-Ձեզ քաշքշե՞լ են։
Վկա Բորսաբյան-Այո։
Հանրային մեղադրող-Ինչի՞ համար։
Վկա Բորսաբյան-Էս ի՜նչ արեցիք, բան․․․խառը վիճակ էր, կանայք գոռում էին։
Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նկատեց՝ վկան հիմնականում չի պատասխանում հարցերին կամ ասում է, որ չգիտի, չի հիշում․ «Սա հավասար է ցուցմունք չտալուն։ Հենց պաշտպանական կողմն է պնդում, որ այս վկան փորձել է հետիոտնին կանգնեցնել, հետեւաբար, ինչո՞ւ են խրախուսում, որ այս վկան ցուցմունք չտա»։
Ապա` Րաֆֆի Ասլանյանի հարցերին ի պատասխան վկան հայտնեց, որ հետիոտները եւ վարորդները պարտավոր են ենթարկվել կարգավորող ոստիկանի հրահանգներին։
Րաֆֆի Ասլանյան-Իսկ եթե չեն ենթարկվո՞ւմ։
Վկա Բորսաբյան-Հո չենք հելնելու վազելենք հետեւից։ Չի ենթարկվում, ի՞նչ անենք։
Րաֆֆի Ասլանյան-ի սկզբանե պարտավոր էիք թույլ չտալ։
Վկա Բորսաբյան–նաեւ դա։ Այսօր խայտառակ վիճակում են անցնում, կանգնեցնում ես, չեն ենթարկվում։ Շատերն իրազեկ չեն, թե իմ ձեռքի գործողությունը կամ կանգնած դիրքն ինչ են նշանակում։
Ապա մահացած Սոնա Մնացականյանի հայրը, որը տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունի, հարցրեց՝ ինչո՞վ Արամ Բորսաբյանը կբացատրի այն, որ «Օպել» մակնիշի մեքենային թույլ է տվել անցնել․ «Իմ աղջկանից կես մետրից մի քիչ այն կողմ գտնվող կնոջն այդ մեքենան խանգարում է անցնել։ Ինչո՞վ կբացատրի, որ թույլատրել է այդ մեքենային անցնել։ Ներկա ես եղել, տեսել ես, հայ մարդ ես, ծնող ես․․․»։
«Ամոթ ա արա՜»,-հնչեց դահլիճում նստած Սոնայի հարազատներից մեկից։ Հայրը շարունակեց հարցը․ «Եթե կարգավորողն ինքն է եղել, ինչո՞ւ է բաց թողել այդ «Օպել»-ը, որը հետիոտներին խանգարել է մինչեւ վերջ անցնել»։ Արամ Բորսաբյանը պատասխանեց․ «Հետիոտներին զգուշացվել է, որ կանգնեն։ Զգուշացվել է մինչեւ խաչմերուկի կեսին հասնելը։ Չէի սպասում, որ կանցնեն, որովհետեւ երկու անգամ բարձր զգուշացրել եմ։ Անգամ չեմ տեսել վրաերթը, ձայնն եմ լսել»։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում հանրային մեղադրողը հրապարակեց Արամ Նավասարդյանի մեղադրանքը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ