Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում ճգնաժամերից խուսափելու ուղիղ ճանապարհը Ռուսաստանի՝ «գետնի վրա» ունեցած մենաշնորհի վերացումն է. Հանուն Հանրապետության կուսակցություն

Դեկտեմբեր 13,2022 23:07

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս․թ․ դեկտեմբերի 12-ից Ալիևի կոռումպացված ռեժիմի կողմից ուղարկված եւ ոգեշնչված՝ ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» մինչ այս պահը ամբողջական շրջափակման մեջ են պահել ավելի քան 120 հազար արցախահայերի համար Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքը, որի ապահովումն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության՝ դրված է ռուսական կողմի, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքի վրա։

Տեղի ունեցողը գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից վերջին երեք եւ ավելի տասնամյակների ընթացքում բազմիցս դրսեւորած՝ համակարգային հայատյացության հերթական հանցավոր ցուցադրություն, որի նպատակն է Արցախի հայաթափումը սողացող էթնիկ զտման ճանապարհով, ինչը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Սա Ադրբեջանի կողմից մի հերթական քայլ է, որն ուղղված է ընդդեմ տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղության հաստատման գործընթացի եւ դրանում պարտավորություններ ստանձնած միջնորդ սուբյեկտների ջանքերի, հերթական վառ դրսեւորում անպատասխանատու եւ բացարձակ արկածախնդիր քաղաքականության, որը սպառնալիք է Եվրոպական անվտանգությանը։

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցողն ի ցույց է դնում այն պարզ իրողությունը, որ ս․թ․ դեկտեմբերի 12-ից սկիզբ առած զարգացումները տարածաշրջանում անհնարին կլինեին, եթե ռուսական կողմը չդրսեւորեր իր կարողության եւ/կամ ցանկության բացակայությունը հետամուտ լինելու իր իսկ կողմից ստանձնած՝ երաշխիքային պարտավորություններին եւ չցուցաբերեր ուղղակի սադրիչ անտարբերություն եւ անգործություն, ինչն ուղղակի հարցականի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության դերն Արցախի անվտանգության ապահովման գործում։

Այսու, հրատապ ենք համարում Հայաստանի անվտանգային քաղաքականության դոկտրինալ ելակետերի ռազմավարական վերանայման անհրաժեշտությունը, եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների անհստակ, անհարկի զգուշավոր, անվճռական դիրքորոշումն էապես բարդացնում է մեր ազգային անվտանգության շահերի սպասարկումը միջազգային հարաբերությունների համակարգում։

Մինչդեռ տարածաշրջանում ճգնաժամերից խուսափելու ուղիղ ճանապարհը Ռուսաստանի՝ «գետնի վրա» ունեցած մենաշնորհի վերացումն է եւ խնդիրների լուծման միջազգայնացումը եւ վերամիջազգայնացումը, առաջին հերթին՝ Արեւմուտքի մասնակցությամբ, քանզի դա՛ է երաշխավորում իրավունքի ուժը՝ ի հեճուկս բիրտ ուժի իրավունքի։

Ողջունում ենք ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ կողմից հայտարարված քաղաքական քայլերը, ուղղված Լաչինի միջանցքում ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի շուտափույթ, անարյուն եւ քաղաքական լուծմանը, մասնավորապես՝ հրապարակային դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ-ին, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ հրատապ կարգով խորհրդակցությունների մեկնարկը։

Կոչ ենք անում․

– ՀՀ Կառավարությանը ստեղծված իրավիճակում ապահովել Արցախի հետ օդային հաղորդակցություն՝ հրատապ, կենսական անհրաժեշտության ուղեւորա- եւ բեռնափոխադրումներ կազմակերպելու նպատակով;

– իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին բազմապատկել զգոնությունը՝ կանխելու մեր անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության թշնամի երկրների շահերը սպասարկող պրոքսիների ակտիվությունը ստեղծված իրավիճակում;

– քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քաղաքականապես ակտիվ հատվածին՝ զերծ մնալ խուճապածին խոսույթներ տիրաժավորելուց, դրսեւորել սառնասրտություն, շրջահայացություն եւ ազգային միասնություն՝ պետականության գաղափարի շուրջ։

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031