Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորտեժն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստն էր, որի ժամանակ հանրային մեղադրողը հրապարակեց Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը։
Ըստ դրա՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է լուսաձայնային ազդանշանները միացված, սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ։ Ըստ մեղադրանքի՝ երթեւեկության վտանգավոր պահից սկսած(որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հանգիստ քայլելով հետիոտնային գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող, 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Արդյունքում Արամ Մնացականյանը հետիոտնին անզգուշությամբ պատճառել է մահ։ Բացի այդ, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասաց․ «Ուզում եմ հասկանամ՝ հղիությունը մեղադրանքի հետ ի՞նչ կապ ունի, որ մեղադրանքում նման բան են գրել։ Բացի այդ, եթե խաչմերուկում կա կարգավորող ոստիկան, ապա չկան գծանշումներ, լուսացույց եւ այլն»։
Կարդացեք նաև
Տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ մեղադրանքը հիմնավորված է եւ դրա հիմքում դրված ապացույցները բավարար են․ «Պաշտպանական կողմը դրա հիմքում դրված ապացույցները հայեցողական կերպով վերլուծեց»։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանն էլ հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։ Թե ինչու, չցանկացավ հիմնավորել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ