Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմեց արցախցիներին՝ կոչ անելով լինել զգաստ ու ապագայի հանդեպ հավատով՝ չնայած ստեղծված իրավիճակին: «Արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, որ մեր հարեւան պետությունը ստեղծել է մեզ համար՝ ճանապարհը փակելով: Այսօր նա շարունակել է իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ եւ դադարեցրել է գազի մատակարարումը»,-նշեց Ռուբեն Վարդանյանը:
«Գազի մատակարարումը դադարեցված է մի քանի ժամ առաջ, ինչը նշանակում է, որ խնայողաբար պետք է մոտենանք էներգիայի ծախսերին: Հասկանալով իրականությունը՝ պետք է փորձենք պահպանել մեր ապրելաձեւը: Այս ճգնաժամն իրականություն է դառնում մեր բոլորի համար, բայց բոլորս պատրաստ ենք պայքարին: Պետք է ամեն ինչ անենք, որ այս վիճակում էլ ցույց տանք՝ ով է արցախցին, ինչպես ենք դիմանում ամեն մարտահրավերին եւ չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք այս ամենն անցնելու ենք ու հաղթելու ենք»,-ասաց Արցախի պետնախարարը:
Նա նշեց, որ ստիպված գնում են դպրոցները փակելու քայլին, որովհետեւ կրթական հաստատությունների շենքերը չեն ջեռուցվում: Ռուբեն Վարդանյանը նաեւ հավելեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը, տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, թե ինչպես է նման մոտեցում ցուցաբերում՝ ձմռանը անջատելով գազի մատակարարումը: Դրա համար կոչ անելով լինել ուժեղ,ուզում եմ՝ իրար հավատանք, որ միասին կարող ենք այս իրավիճակից դուրս գալ եւ դա մեծ հնարավորություն է բացելու մեզ համար: Ինձ թվում է, իրենք (Ադրբեջանը-Գ.Հ.) մեծ սխալ են գործել: Այս տարբերակով իրենք չունեն ապագա, որովհետեւ չեն կարող ոչ մեկին ապացուցել, որ մենք իրենց հետ կարող ենք ինչ-որ ձեւով համախմբել կամ իրենց հետ միասին ինչ-որ բան անել: Կոչ եմ անում բոլորին՝ լինել զգաստ, պատրաստակամ պայքարին, մյուս կողմից շարունակել մեր կյանքը, աշխատանքը, աշխարհին ցույց տանք, որ ճգնաժամի մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել, վստահ ենք մեր ապագայի հանդեպ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ