Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկա վարչակազմի պարագայում Արցախի ճանաչման մասին խոսելն անիմաստ է. Սարո Սարոյան

Դեկտեմբեր 13,2022 22:03

«Իրենց խոսույթում առավելագույնը «Լեռնային Ղարաբաղ» է ի հայտ գալիս ու այս պարագայում խոսել ԼՂՀ ճանաչման կամ Ադրբեջանի կազմում չգտնվելու այլ տարբերակների մասին, ուղղակի անտեղի է». Aravot.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

 

ՀՀ-ն ճանաչում է Արցախի հանրապետության անկախությունը, ինչպես նաեւ ցանկացած այլ կարգավիճակ, որով Արցախը դուրս է Ադրբեջանի հանրապետության կազմից». առաջարկը՝ ստեղծված իրավիճակում իբրեւ ՀՀ իշխանության կողմից քայլ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է տեսնում: Սա լուծո՞ւմ է, նման քայլը ՀՀ իշխանության կողմից, ի՞նչ զարգացումներ կարող է բերել:

-Եկեք խոսենք իրական հողի վրա: Դուք ինչ-որ խոսում եք, դա որեւէ կապ չունի Հայաստանի ներկա վարչակազմի վարած քաղաքականության հետ: Մենք տեսականորեն շատ բան կարող ենք քննարկել, բայց իրականությունը բոլորովին այլ տեղ է: Հետպատերազմյան քաղաքական գործընթացները բոլորին համոզել են, որ ներկա վարչակազմը բացարձակ անկարող է եւ ցանկություն էլ չունի ներգրավվելու Արցախի կարգավիճակի խնդրի լուծման հարցում: Ընդհակառակը, իրենք իրենց ողջ գործունեությամբ, նաեւ՝ հայտարարություններով, ցույց են տվել, որ Արցախի խնդրի հետ կապված, իրենք գրեթե համահունչ են այն քաղաքականության հետ, որը իրենց պարտադրվում է Կրեմլի, Անկարայի եւ Բաքվի կողմից: Առավել խոսուն փաստ, քան այն, որ ներկա վարչակազմի ղեկավար անձինք երբեք չեն նշում՝ «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» տերմինը, դրանից հետո խոսել ԼՂՀ ճանաչման մասին՝ անտեղի է: Եթե չկա այդպիսի քաղաքականություն, իմաստը ո՞րն է քննարկել մի բան, որն ուղղակի անհնարին է: Այլ հարց, որ եթե Հայաստանն այլ ղեկավարություն, այլ վարչակազմ ունենար՝ տեսականորեն դա հնարավոր էր: Բայց այն, ինչ որ կա հիմա, դա բացարձակ մերժում է ԼՂՀ գոյությունն անգամ, էլ ուր մնաց խոսել ուրիշ թեմաների մասին: Ես չեմ էլ ասում՝ անկախ հանրապետության մասին: Նախիջեւանն, օրինակ, հանրապետության կարգավիճակ ունի, բայց գոնե այդտեղ իրենք ի վիճակի չեն հանրապետության կարգավիճակն ապահովել: Իրենց մտքի թռիչքը ԼՂԻՄ ինքնավար մարզից այն կողմ չի անցնում: Այսինքն, այդ մարդիկ խորհրդային ժառանգության կրող են եւ այսօր, երբ Ադրբեջանն անգամ դա է մերժում, իրենք լուռ դրա վկան են եւ իրենց վարքով, իրենց գործողություններով, ըստ էության նպաստում են, որ չլինի որեւէ կարգավիճակ ընդհանրապես: Իրենց խոսույթում առավելագույնը «Լեռնային Ղարաբաղ» է ի հայտ գալիս ու այս պարագայում խոսել ԼՂՀ ճանաչման կամ Ադրբեջանի կազմում չգտնվելու այլ տարբերակների մասին, ուղղակի անտեղի է:

-Այսինքն, մեր արտաքին ու ներքին օրակարգի հիմնական ու միակ խնդիրը մնում է այս իշխանությանը հեռացնե՞լը:

-Եթե մենք փորձենք խոսել Հայաստանի ինքնուրույն քաղաքականության մասին, դա պետք է ենթադրի որոշակի ռազմավարություն, ուստի, իհարկե, ներկա վարչակազմի մասին այդ համատեքստում չենք կարող խոսել, քանի որ իրենք չունեն ոչ մի տեսակի քաղաքականություն եւ ռազմավարություն՝ ոչ Հայաստանի, ոչ Արցախի մասով: Եվ, ընդհանրապես, իրենք հարմարվում են արտաքին բոլոր այն ծրագրերին, որոնք իրենց ներկայացնում են, իսկ ներկայացնող կողմերը, ըստ էության, երեքն են՝ ՌԴ-ն, Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով եւ Արեւմուտքը: Իրենք խնդիր ունեն այս կամ այն կերպ հարմարվել այնպես, որ բավարարեն երեքին էլ. մեկին շատ, մյուսին քիչ, տեսնում են, որ մեկը ի նպաստ Հայաստանի, հայ ժողովրդի կամ ԼՂՀ հայ բնակչության համար ինչ-որ շահավետ առաջարկ կարող է ունենալ, փորձում են դրանք հարաբերությունների կարգավորման տարր դարձնել եւ այլն, բայց սեփական քաղաքական օրակարգով հանդես գալու ոչ նախաձեռնություն կա, ոչ էլ մտածողություն կա: Ընդհանրապես, գաղափարական սնանկություն է իրենց մոտ տիրում: Այս տեսանկյունից, իհարկե, դուք ճիշտ եք. եթե մենք խոսում ենք անկախ Հայաստանի քաղաքականության մասին երբեւէ, դա այս վարչակազմի միջոցով հնարավոր չէ, անհնար բան է դա:

-Այնուհանդերձ, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Ձեր պատկերացմամբ, ո՞րն է լինելու:

-Երբ ես ասում եմ, որ արտաքին շահերի սպասարկում է տեղի ունենում, այդ տեսանկյունից, հանգուցալուծումը կախված է նրանից, թե արտաքին ակտորները, արտաքին ուժային կենտրոնները միմյանց միջեւ ինչպիսի հարաբերակցություն ունեն եւ ո՞ր նժարն է, որ այս կամ այն իրավիճակում, այս կամ այն գործոններից ելնելով՝ իր տեղը ծանրացնում է: Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված հանգուցալուծումն էլ այդ դաշտում է գտնվում: Հայաստանը, որպես ինքնուրույն գործոն, այդտեղ չկա եւ այս տեսանկյունից, մենք ընդամենը ստիպված ենք կառչել այս կամ այն ուժային կենտրոնի՝ ի նպաստ հայկական կողմի ցուցաբերած ինչ-որ մի գործընթացից կամ գործընթացի տարրն առաջ մղելով մի խնդիր լուծելուց: Սա Հայաստանի գործող վարչակազմի մտածողությունն է, իրենք այլ կերպ չեն նայում հարցերին: Եւ հանգուցալուծում ասվածն այստեղ է: Սա, իհարկե, երբ խոսում ենք դրական հանգուցալուծման մասին: Բացասական հանգուցալուծումը՝ շատ ավելի ցավագին եւ ավելի անկանխատեսելի հետեւանքներ կարող է առաջ բերել եւ նույնպես կախված է իմ նշած ուժային կենտրոնների վարած ուղղակի քաղաքականությունից: Թե դա մինչեւ ո՞ւր կհասնի…

Ես կարող եմ ասել, որ միտումը «Զանգեզուրի միջանցքի» ապահովմանն է ուղղված. այս ամբողջ գործընթացի նպատակն այն է, որպեսզի Հայաստանը երբեւէ ստորագրի մի փաստաթղթի տակ, որը կլեգիտիմացնի «Զանգեզուրի միջանցքի» գոյությունը, իրավական ձեւակերպում կտա դրան: Թուրքական կողմը, դրա համար, գտել է մի բանաձեւ, մի մեխանիզմ, որը համարժեք վտանգ է կախում հայության գլխին, որը ենթադրում է ԼՂՀ հայ բնակչության պատանդառություն. նրանց պատանդառությունից ազատելու դիմաց ենթադրվում է «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված համաձայնությունների իրականացում, իրավական ձեւակերպումներ եւ իրավունքների հանձնում թուրքական կողմին, որը ներկայանում է Ադրբեջանի տեսքով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031