Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կիսում Մովսես Հակոբյանի գնահատականը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման պարբերություն չկա». Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբեր 13,2022 21:21

Դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանական մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում: Արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ: Այսօր ի աջակցություն արցախցիների բողոքի ցույց ր կազմակերպվել Ազատության հրապարակում, որից հետո ակտիվիստները երթով ու «Արցախ» վանկարկումներով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներ:

Բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա Ադրբեջանի ծրագիրն է` Արցախը հայաթափելու ու որեւէ կերպ դա չպետք  է թույլ տանք. «ՀՀ այսպես կոչված իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել, թուրքահպատակ քաղաքականությունից հրաժարվել: Նրանք պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հանձնառությունը: Սա ՀՀ իշխանության ղեկը զավթած խմբակի անմիջական գործունեության արդյունքն է, որ բերեց հասցրեց այս վիճակին»:

Հարցին՝ ԱԺ փոխխոսնակը գրառում է արել ու նշել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ո’չ Լեռնային Ղարաբաղը, ո’չ էլ Հայաստանը Լաչինի միջանցքում որեւէ գործառույթ չունեն, այսպիսով հրաժարվո՞ւմ են որեւէ քայլ անել, ո՞վ պետք է պաշտպանի Արցախի 120 հազար բնակիչների շահերը՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ ՀՀ-ն պետք է հայտարարի, որ արցախահայության անվտանգության երաշխավորն է, բայց խնդիրը հենց դա է, որ հրաժարվում է. «Հիմա իրենք ասում են, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է ու իրենք պետք է ամեն ինչ անեն: Իհարկե, ռուս խաղաղապահներին մեր զորակցությունն ենք հայտնում, բայց ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի կարող ձեռքերը լվանալ: Մենք այս իշխանություններից ակնկալիք չունենք, մեր գնահատականը հստակ է, բայց քանի որ դեռ իրենք են ներկայացնում ՀՀ-ն, պետք է հստակ քայլեր անեն: Ամեն մի զիջում բերելու է նոր զիջման, նոր կորուստների, այսօր հայ մարդը իրավունք չունի նստի տունը ու տեսնի թե ոնց են իր քույրերն ու եղբայրները ենթարկվում աղետի»:

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ սա նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետն է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Չեմ կիսում այդ գնահատականը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման պարբերություն չկա: Կա հստակ միջանցք, այդ միջանցքի կարգավիճակը, համապատասխան հեռավորությունը խախտված է: Այս ամեն ինչը հստակ եղել է իշխանությունների անգործության հետեւանքով: Բայց ամենակարեւորը՝ ոչինչ կորած չի, ոչինչ ավարտված չի,  ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա: Եթե ՀՀ-ն ունենար հայկական իշխանություններ, ՀՀ շահերը սպասարկող, մենք այս իրավիճակին չէինք հասնի: Թշնամին, օգտվելով սրանց անգործությունից եւ իր շահերը սպասարկելուց, հետեւողականորեն իրականացնում է իր ծրագրերը: Պետք է խառնենք խաղաքարտերը, դրա ուժը հայ ժողովուրդն է, հայ մարդն է: Շատ հստակ պետք է միջազգային հանրության առջեւ ձեւակերպենք  մեր պահանջները, երկու ճակատով պետք է կռիվ տանք»:

Հարցին՝ ձեր խմբակցությունից պատգամավորներ գնացե՞լ են Լաչին, փորձե՞լ եք հասկանալ իրավիճակը՝ նա պատասխանեց. «Հենց հիմա մեր խմբակցությունից 4 պատգամավոր գտնվում է ճանապարհին, կարծեմ արդեն հասել են, կամ կհասնեն, մի քանի ժամ է՝ դուրս են եկել դեպի Արցախ: Կայցելեն քաղաքացիներին, տեղում իրավիճակին կծանոթանան, հավանաբար տեղից կլինեն ելույթներ, հայտարարություններ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031